29/07/2015 12:35
Ադրբեջան փախած ամուսինների գործը դատարանում է
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Գևորգյան ամուսինների դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Եղիշե Պետրոսի Գևորգյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, 2010 թ. հունվարի 10-ին իր կնոջ` Ռուզաննա Գենոյի Մարդանյանի և երեք անչափահաս երեխաների` Պետրոս Եղիշեի Մարդանյանի, Ալֆրեդ Եղիշեի Գևորգյանի և Գայանե Եղիշեի Գևորգյանի հետ իր կողմից օգտագործվող «Երազ» մակնիշի ավտոմեքենայով ժամը 19:00-ի սահմաններում բարձր արագության տակ մուտք է գործել Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող` ՀՀ ՊՆ N զորամասի «Համատեղ» մարտական հենակետի տարածք և չկատարելով սահմանային նշանների պահանջները, չենթարկվելով հենակետում ծառայություն իրականացնող զինվորների կանգ առնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին, ավտոմեքենայի ընթացքը չի կանգնեցրել, շարունակել է բարձր արագությամբ շարժվել դեպի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, որի արդյունքում հատել է այն և անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք:
Ըստ Ռուզաննա Գենոյի Մարդանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, 2010 թ. հունվարի 10-ին իր ամուսնու` Եղիշե Պետրոսի Գևորգյանի և երեք անչափահաս երեխաների` Պետրոս Եղիշեի Մարդանյանի, Ալֆրեդ Եղիշեի Գևորգյանի և Գայանե Եղիշեի Գևորգյանի հետ Եղիշե Գևորգյանի` «Երազ» մակնիշի ավտոմեքենայով ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող` ՀՀ ՊՆ N զորամասի «Համատեղ» մարտական հենակետի տարածքով ապօրինի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք:
Ե. Գևորգյանին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Ե. Գևորգյանն 8 անգամ դատապարտված է եղել, իսկ սահմանն ապօրինի հատելու պահին նա կասկածվում էր ծանր հանցագործության մասնակցելու մեջ: