29/07/2015 15:41
3.2 մլն դոլար՝ ԱԳՆ շենքի օտարման գործընթացն ամբողջացնելու համար
ՀՀ կառավարությունը 3.2 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի ձեռք բերելու «Տանգո» ընկերությանը պատկանող Կառավարության 2-րդ մասնաշենքի տարածքում գտնվող «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը: Որոշման նախագիծը կառավարության հաստատմանը կներկայացվի առաջիկա նիստին` հուլիսի 30-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Համաձայն որոշման նախագծի՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հաստատել արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը` վերոնշյալ գործարքի ֆինանսական գործառույթներն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, օտարվել է 2012թ-ի դեկտեմբերին՝ «Տանգո» ՓԲԸ-ին։
Քանի որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի Կառավարական տուն N2 շենքի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանում է «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վերոնշյալ ընկերության 100 տոկոս բաժնեմասը` օտարման գործընթացը ամբողջությամբ իրականացնելու համար:
Նախագծում անշարժ գույքի ձեռք բերման արժեքը՝ 3.2 մլն ԱՄՆ դոլարի համարժեք դրամը հաշվարկվել է հիմք ընդունելով 10.07.2015թ. դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած միջին փոխարժեքը՝ 476.35 ՀՀ դրամ, որը կազմում է 1.524.320.0 հազար ՀՀ դրամ: