29/07/2015 15:28
Հ. Ալումյան. Բուդաղյանների 2 գործով ուզում են անարդար որոշում կայացնել
2013 հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան տեղի ունեցած դեպքի կապակցությամբ քրեական գործերը ընթացքի մեջ են` ակտիվ փուլում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ գործերից մեկով իրենց գանգատը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Անդրադառնալով մյուս գործերին՝ նա ասաց, որ դրանք արհեստականորեն հետաձգվել են, երևի այն պատճառով, որ այդ փուլում մամուլն ավելի պասիվ է, շատ լրագրողներ արձակուրդ են մեկնում:
«Արտակ Բուդաղյանին առաջադրվել է մեղադրանք և գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Անհասկանալի պատճառներով արհեստականորեն գործի քննությունը հետաձգվեց օգոստոսի կեսերին: Նույն կերպով մեր բողոքների քննությունը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արհեստական պատճառներով հետաձգվեց մինչև օգոստոսի 6-ը»,- ասաց Հ. Ալումյանը:
Նրա խոսքով՝ հավանական է, որ պատրաստվում են այդ երկու գործերով էլ հերթական անարդար որոշումը կայացնել և ցանկանում են հնարավորինս քիչ արձագանքներ լինեն այդ գործերով:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցների գործին՝ Հ. Ալումյանը ասաց, որ դատարանները շատ հնազանդ կերպով հետևում են Ազգային անվտանգության ծառայության միջնորդություններին և առանց որևէ հիմքի կալանավորեցին Արա Բուդաղյանին, ինչպես նաև առանց հիմքի մերժեցին գրավ կիրառելու մասին իրենց միջնորդությունը: