29/07/2015 16:21
«Չե՞ս ամաչում՝ 20 հազար դրամանոց խախտում ես թույլ տալիս»
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հուլիսի 26-ից Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, բայց դրանք արդեն հասցրել են վարորդների համար անհարմարություններ ստեղծել:
Թեև ոստիկանությունն այդ մասին արդեն հայտարարություն է տարածել, բայց վարորդների մեծ մասն այդ փոփոխությանը ծանոթ չէ: Անտեղյակությունից զատ՝ տեղադրված ՃՈ նշանն այնքան աննկատ է, որ մարդիկ դժվարությամբ են այն նկատում: Փոխարենը, սակայն, այդ հանգամանքից լավագույնս փորձում են օգտվել ՃՈ որոշ աշխատակիցներ, ովքեր վարորդներին տեղյակ պահելու փոխարեն, որ երթևեկության նախկին կարգը փոփոխության է ենթարկվել, փորձում են վարորդներին առատորեն տուգանել, իսկ եթե նրանք չեն ցանկանում տուգանվել, պետք է ոստիկանին վարձատրեն:
Aysor.am-ի հետ զրույցում վարորդներից մեկը պատմեց, որ հայտնվել է ՃՈ աշխատակիցներից մեկի թիրախում: ՃՈ աշխատակիցը մոտեցել է իրեն, մի կողմ քաշել ու ասել. «Հարյուր տարվա վարորդ ես, չե՞ս տեսնում, որ կարգը փոփոխվել է: Չե՞ս ամաչում, որ 20 հազար դրամանոց խախտում ես թույլ տալիս»,- ոստիկանի խոսքերը մեջբերեց վարորդը՝ նաև հայտնելով, որ բարիշելու համար 5000 դրամ խնդրել:
«Աջ ու ձախ վարորդներից են փող պոկում, օրը մի բան են մոգոնում ու տուգանքներ սահմանում: Գոնե նշանն այնպես տեղադրեն, որ տեսանելի լինի: Այս հրապարակում երբեք նման կարգ չի գործել, իսկ եթե ինչ-որ բան են փոխում, թող մարդկանց ոչ թե տուգանեն, այլ՝ սովորեցնեն: ՃՈ-ն միայն փող պոկելու համար չէ»,- ասաց Aysor.am-ի վարորդ զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները: Հարակից փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային այլ միջոցներին, սակայն վարորդը վստահեցնում է, որ ինքը նման կոպիտ՝ 20000 դրամանոց կամ որևէ այլ խախտում թույլ չի տվել: