29/07/2015 15:02
Փաստաբան. Սյունիքի մարզպետի որդուն ազատ արձակելու փորձ է արվում
Փորձ է արվում միջոցներ գտնել ազատ արձակելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ կատարվածն իրենց ընտանիքի անդամների հերթական դրսևորումն է, սակայն այս անգամ առայժմ չի հաջողվում նրան հանել այս պատմությունից:
«Իրենք այդ միջոցների շատ մեծ տեսականի ունեն, չգիտեմ՝ այս անգամ որն են պլանավորել: Այն, որ գործի քննության հիմնական նպատակն է գտնել այդ ընտանիքին օգնելու միջոցներ, ինձ համար պարզից պարզ է, որովհետև ես ծանոթ եմ այդ ձեռագրին»,- ասաց նա:
Նա ասաց, որ Տիգրան Խաչատրյանը չէր ձերբակալվի, եթե չլինեին զանգվածային լրատվության միջոցները, որոնք այդ դեպքի մասին անընդհատ բարձրաձայնում էին: