29/07/2015 12:44
Տնտեսության ակտիվացման խթաները զգացնել են տալիս
Տնտեսական գործընթացները խթանելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը տալիս են իրենց արդյունքը։ Չնայած արտաքին հատվածում նկատվում է բացասական ազդեցությունների խորացում, այնուհանդերձ դա չի խանգարում, որպեսզի Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշները գնալով բարելավվեն։
Առաջին կիսամյակի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները, առավել եւս, միջազգային կազմակերպությունների գնահատականները, որոնք չնայած տարեսկզբի համեմատ վերջին շրջանում մեղմացել են, այնուհանդերձ հեռու են արձանագրված ցուցանիշներից։ Պետք է ենթադրել, որ առաջիկա գնահատականներում նրանք կվերանայեն իրենց կանխատեսումները։
Մինչ այդ, Հայաստանում տնտեսական ցուցանիշները դրական շարժ են արձանագրում, թեեւ արտաքին շուկաներում խոչընդոտները դարձյալ ակտիվացել են։ Մասնավորապես արդեն տեւական ժամանակ չի դադարում պղնձի էժանացումը։ Միջազգային շուկայում պղնձի գինը նվազել է տոննայի նկատմամբ մինչեւ 5,2 հազար դոլարը։
Այսպիսի ցածր գին վերջին անգամ արձանագրվել էր 2009թ.՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբնական շրջանում։ Այս տարվա սկզբին պղնձի գինը 6 հազարից բարձր էր։ Փետրվարին մի պահ այն մոտեցավ 5,5 հազարին, այնուհետեւ սկսեց բարձրանալ։ Մայիսի սկզբին պղնձի գինը համաշխարհային շուկայում գերազանցեց 6,4 հազար։ Դրանից հետո շուկան հայտնվեց անկումային իրավիճակում։ Երրորդ ամիսն անընդմեջ պղինձը էժանանում է՝ կապված համաշխարհային եւ հատկապես Չինաստանի տնտեսության պահանջարկի կրճատման հետ։
Պղնձի գների նվազումն անշուշտ բացասական գործոն է Հայաստանի տնտեսության համար։ Այս ոլորտից բխող ազդեցությունները սովորաբար բավական ուժեղ են լինում ինչպես տնտեսական աճի, այնպես էլ պետական բյուջեի եկամուտների վրա։ Թեեւ այս անգամ կարծես այնքան էլ այդպես չէ։ Ոլորտի թե՜ տնտեսական աճը, եւ թե՜ բյուջետային մուտքերը նախորդ տարվա համեմատ էապես ավելացել են։ Դրան նպաստել է այլ հզորությունների շահագործումը։ Ինչպես հայտնի է, տարբեսկզբից մեկնարկեց Թեղուտի ծրագիրը, ինչը հնարավորություն ստեղծեց մեղմելու արտաքին բացասական գործոնների ազդեցությունը։
Հայաստանի տնտեսական աճի խոչընդոտների ակտիվացում է տեղի ունենում նաեւ ռուսական շուկայում։ Մի պահ արձանագրված արժեւորումից եւ կայունացումից հետո, ռուբլին դարձյալ զիջում է դիրքերը։ Դոլարի գինը Ռուսաստանում վերստին գերազանցեց 58 ռուբլու շեմը։ Մայիսից 20-ից հետո ռուբլին էժանացել է գրեթե 20 տոկոսով՝ մեծացնելով ճնշումը ռուսական շուկայում իրացվող հայկական ապրանքների վրա։
Վերջին երկու-երեք ամիսներին այս երկու ոլորտներից թելադրվող բացասական ազդակները Հայաստանի տնտեսության վրա ակնհայտորեն ակտիվացել է։ Սակայն անգամ այդ պայմաններում տնտեսական ցուցանիշները շարունակել են բարելավվել։
Հայկական ապրանքների իրացման համար այլ շուկաներ փնտրելուց զատ՝ կառավարությունն անընդհատ փորձում է ավելացնել ներքին խթաներ։ Դրա վկայություններից մեկն էլ տնտեսությանը տեսչական ստուգումներից ազատելու նախաձեռնությունն էր, որի մասին կառավարության անցած նիստում հայտարարեց վարչապետը։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրա տնտեսական նշանակությունը մեծ չէ։ Իրականում ամենեւին էլ այդպես չէ։ Տեսչական ստուգումները, առավել եւս փոքր եւ միջին բիզնեսում, ստեղծում են դժվարություններ ոչ միայն տնտեսական գործունեության համար, այլ հանգեցնում ֆինանսական կորուստների։ Հատկապես տնտեսական անբարենպաստ իրավիճակի պայմաններում երբեմն դրանք ուղղակիորեն դառնում են գործունեության դադարեցման պատճառներից մեկը։