30/07/2015 09:51
Դավիթ Սանասարյանին տարան հիվանդանոց. Նրան բան չէր պատահել. «Առավոտ»
Երեկ Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը լարված իրավիճակ էր ստեղծել: Նախ՝ նախաձեռնության անդամները ճեղքեցին ոստիկանական շղթան՝ վազելով գնացին դեպի Հանրապետության հրապարակի գորգը և նստեցին: Ոստիկանները նրանց ձեռքերից և ոտքերից բռնած հանեցին գորգից և տեղափոխեցին մայթ:
Ականատեսները բողոքեցին, որ տեղափոխելուց ոստիկանները հարվածել են «Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանի գլխին: Հաջորդ անգամ արդեն ցուցարարները նստեցին անցումին, ոստիկանները նրանց գրկած տարան մայթ: Դա մի քանի անգամ կրկնվեց: Այդ ընթացքում ոստիկանները Դավիթ Սանասարյանի ձեռքերից և ոտքերից բռնած տեղափոխելիս մի քանի անգամ ցած են նետել՝ ողնաշարի վրա: Դրա արդյունքում ավելի ուշ Սանասարյանի ինքնազգացողությունը վատացավ: Շտապօգնության ծառայությունը նրան տեղափոխեց «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ուշ երեկոյան Դ.Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընկերներ ջան, հիվանդանոցից վերադարձա տուն. ստուգումների արդյունքը դրական էր. ողնաշարային ոչ մի խնդիր չկա, պարզապես բարձրությունից, որ ցած նետեցին միլիցեքը ցավ էի ստացել»: