30/07/2015 17:17
Հանձին Հայաստանի՝ Իրանը տեսնում է շատ լուրջ և կարևոր գործընկերոջ. Դ. Շահնազարյան
Տարածաշրջանի լուրջ զարգացումները Մոսկվան շատ ծանր է տանում, ծանր է տանում նաև այն, որ տարածաշրջանում Իրանի դերն ավելի ու ավելի է աճում: Իրանը բազմաթիվ անգամներ Հայաստանին շատ պարզ և բաց հայտարարել է, որ հանձին Հայաստանի՝ Իրանն ուզում է տեսնել շատ լուրջ ու կարևոր, ինչպես նաև հին գործընկերոջ: Այսօր «Ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Համաձայնություն» հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Անդրադառնալով երկաթգծի կառուցմանը՝ նա նշեց, որ թեև Ռուսաստանն ամեն կերպ փորձում է տապալել այդ գործընթացը և հայտարարել է, թե այդ երկաթուղու կառուցելու անհրաժեշտությունը չկա, բայց այն լայն հնարավորություններ կբացի ոչ միայն Հայաստանի, այլև՝ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների համար:
«Չնայած Ռուսաստանի անտրամաբանական հայտարարություններին, թե երկաթգիծ կառուցելու անհրաժեշտություն չկա, Հայաստանն այսօր էլ փորձում է այդ ուղղությամբ բանակցություններ վարել Իրանի հետ: Այդ երկաթուղու բացումը չափազանց կարևոր է, և այստեղ Իրանը շարունակելու է իր քաղաքականությունը»,- ասաց Դ. Շահնազրյանը՝ հավելելով, որ երկաթգծի կառուցումը մոտ 3 մլրդանոց նախագիծ է, որն էապես փոխելու է տարածաշրջանի կոմունիկացիոն արժեքը՝ նկատելով, որ այս նախագծում մեծ շահագրգռվածություն ունի նաև Վրաստանը: «Խնդիրը քաղաքական է, քանի որ, ըստ նախնական տվյալների, գումարային հարցերը հնարավոր է լուծել»,- ասաց նա:
Դ. Շահնազրայնն ընդգծեց նաև, որ Իրանը չի թաքցնում, որ ուզում է շատ լուրջ խաղացող դառնա նաև Եվրոպական Գաազայի շուկայում: «Այստեղ նույնպես մի քանի ծրագրեր կան, որոնք Հայաստանի համար շատ կարևոր են: Իրանի մի քանի ծրագրերը Հայաստանի մասնակցությամբ պետք է իրականացվեն: Կարծում եմ, որ հենց այս ծրագրերի մասին էր ակնարկում ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էրիկ Ռուբինը»,- նշեց Շահնազարյանը: