30/07/2015 19:08
ՄԻՊ ներկայացուցիչը հանդիպել է Տիգրան Առաքելյանին. Վերջինս մեղադրանքի հետ համաձայն չէ
Քիչ առաջ Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանին և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից:
Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին և ներկայացրել է դիմում՝ խնդրելով Օմբուդսմենի աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում:
Տիգրան Առաքելյանն առանձնազրույցի ընթացքում ասել է, որ որևէ բողոք չունի մեկուսարանում պահման պայմաններից, իր նկատմամբ որևէ բռնության չի գործադրվել, ունի փաստաբան, ում հետ արդեն տեսակցել է: Առաքելյանը ներկա պահի դրությամբ իր դատավարական իրավունքների խախտման վերաբերյալ դժգոհություններ չի ներկայացրել:
Օմբուդսմենն իր լիազորությունների շրջանակներում կքննարկի Տ.Առաքելյանի դիմումը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում կպահի քրեական վարույթը` Տիգրան Առաքելյանի դատավարական իրավունքների լիարժեք ապահովման նպատակով: