30/07/2015 18:50
Ստերլիգով. Ադրբեջանը դե յուրե ճանաչել է ԼՂՀ անկախությունը
Ընտանիքով Ռուսաստանից ԼՂՀ Շուշի քաղաք տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը ռուսական «Вконтакте» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով, Ադրբեջանը դե յուրե ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը:
Իր գրառման մեջ նա նշել է, որ Ադրբեջանը, որը երկու տասնյակից ավելի տարիներ ԼՂՀ-ն չի ճանաչել անկախ պետություն, որին դժվար է բացահայտ հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի տարածք չէ, այժմ փաստացի անկախ ԼՂՀ-ի նկատմամբ նկրտումներից հրապարակայնորեն հրաժարվելու ավելի քաղաքավարի, բայց իրավաբանորեն անբասիր ձև է գտել:
«Ադրբեջանը, որի կողմից Արցախ պետության անկախության ճանաչումն ադրբեջանական ղեկավարության համար այդքան դժվար էր հայտարարելը, որ Լեռնային Ղարաբաղը չի պատկանում Ադրբեջանին և այն ադրբեջանական տարածք չէ, տասը տարի անց գնաց այդ քայլին»,- գրել է նա, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր դեմ միջազգային հետախուզում հայտարարելը որակել իբրև համարձակ քայլ:
«Ադրբեջանի նախագահ Ալիևն ամեն դեպքում գնաց այդ համարձակ քայլին, քանի որ վաղ թե ուշ դրանից չէր կարողանալու խուսափել: Ընտրվել էր փափուկ, բայց միևնույն ժամանակ իրավաբանորեն անթերի ձևաչափ, որպեսզի այդ «ժխտումը» իրականացնի հրապարակայնորեն»,- հավելել է նա:
Նա նշել է նաև է, որ Ադրբեջանի օրենսդրությունն իր տարածքում հանցագործություն կատարած անձի նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում նախատեսում է միայն այն դեպքում, երբ «հանցագործը» գտնվում է Ադրբեջանի տարածքից դուրս: «Իսկ երեկ, ադրբեջանական իշխանությունները հրապարակային պաշտոնական հայտարարություն արեցին, որ իմ նկատմամբ Ինտերպոլով հետախուզում է հայտարարվում: Այս մասին հայտնել են անգամ ադրբեջանական ամենախոշոր ԶԼՄ-ները»,- գրել է նա՝ ընդգծելով, որ այդպիսով Ադրբեջանը հրապարակային միջազգային մակարդակով ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք չէ:
«Իհարկե այս ձևաչափով ԼՂՀ-ի անկախության ճանաչումը առաջացել է ծանր քաղաքական պայմանների հետևանքով, և այս իմաստուն քայլն Ալիևի կողմից իրականացվել է բավականին զուսպ ու «անմեղ» կեցվածքով, որպեսզի չառաջացնի ադրբեջանական հասարակության զայրույթը և կարողանա պահպանել իր քաղաքական դեմքը, քանի որ ադրբեջանական հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան»,- գրել է նա:
Միաժամանակ նա ողջույններ է փոխանցել Ադրբեջանի ղեկավարությանը և իր գոհունակությունն հայտնել առ այն, որ իր «համեստ անձն իրավաբանական առիթ է դարձել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում, ինչպես նաև ողջույններ է փոխանցել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին հայտնի է դարձել, որ նրա` «Ղարաբաղը վաղնջական հայկական հող է» խոսքից հետո Ադրբեջանում Ստերլիգովի դեմ երկու հոդվածներով քրեական գործ է հարուցվել: Ստերլիգովն անձամբ այդ հայտարարությունը գնահատել էր, որպես արձագանք իր կողմից արված մեկ այլ հայտարարույան, երբ նա առաջարկել էր հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ խաղաղ կլոր սեղան անցկացնել:
«Նշանակում է` վախենում են պատմականորեն Ղարաբաղի պատկանելության մասին թեմայի փաստերով բաց քննարկումից: Հայերը չեն վախենում բաց քննարկումից, ռուսները չեն վախենում: Իսկ ադրբեջանցիների մոտ հիստերիա և սպառանալիքներ են: Ի՞նչ կարող է դա նշանակել»,- նշել էր նա: