30/07/2015 12:48
Դ. Հարությունյան. Մինչև հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվում են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները
Նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսվել են բոլոր առաջարկությունները, որի արդյունքում ձևավորվել է նախագիծ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի հետքերով արված աշխատանքները:
Հիշեցնենք, կառավարության նախրոդ նիստում վարչապետը հանձնարարել էր նվազագույնի հասցնել տեսչական ստուգումները տնտեսվարողների մոտ:
Դ.Հարությունյանը տեղեկացրեց, որ ըստ նախագծի՝ մինչև 2016թ հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվում են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները՝ բացառությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների:
«Տեսչական բարեփոխումների ընթացքում մենք արդեն իսկ իրականացրել ենք ստուգումներ՝ բացառապես ստուգաթերթերի հիմար վրա, ինչը արդեն իսկ սահմանափակել է տեսչկան մարմինների կողմից տնտեսվարողներին առաջադրվող խնդիրների քանակը: Այժմ տեսչական մարմինները գործադրում են 170 ստուգաթերթ: Այս որոշմամբ, մենք կասեցնում ենք 170 ստուգաթերթերից շուրջ 90 տոկոսը մինչև տարեվերջ»- ասաց նա:
Իսկ որպեսզի թյուրիմացություններ չլինեն, այն ստուգաթերթերը, որոնք շարունակելու են գործել բարձր ռիսկային խմբերում, կցվելու են այս որոշմանը` որպես հավելված.
«Իրականում կրճատվելու է ստուգումների 98 տոկոսը: Տեսչական ստուգումների սահմանափակումը չի տարածվելու միմիայն այն հիմնարկների ու բաժնետիրական ընկերությունների վրա, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վրա, որովհետև վերջիններս փաստացի չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը: Միևնույն ժամանակ շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաներին` անվտանգ ու որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով»,- հավելեց Դ.Հարությունյանը:
Ի դեպ, որոշ դեպքերում, որոնք սահմանված են նախագծով, տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի վարչապետին, թե ինչու է ցանկանում ստուգումներ իրականացնել և միայն վարչապետի համձայնությունից հետո կիրականացվի տեսչական ստուգում: