30/07/2015 17:56
Շահնազարյան. Երբ սկսվում է ռուս-թուրքական մեղրամիսը, Հայաստանը պետք է զգուշանա
Թուրքիայում իրավիճակը փոխվել է: Այսօր «Ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» խորագրով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Դավիթ Շահնազարյանը:
Վերջինիս խոսքով՝ արդեն սառեցվել է թուրքական հոսքը, որը հիմնական խաղաքարտն էր դարձել Մոսկվայի համար: «Բառացիորեն Թուրքիայի քաղաքականությունն ու դիրքորոշումը փոխվել է շատ հարցերում: Առաջին տպվարությունն այն է, որ ռազմական գործողությունների հիմնական հզորություններն օգտագործվում է հենց քրդերի, այլ ոչ թե ԻՊ զինյալների դեմ: Հայտնի էր, որ ԻՊ-ի հետ Թուրքիան ոչ միայն համագործակցում էր, այլև օգնում էր, սակայն հիմա ակնահյատ է, որ Թուրքիայում ևս իրավիճակը փոխվել է: Ես միշտ ասել եմ, որ առանց Թուրքիայի հետ լուրջ համագործակցության, անհնար է լինելու ԻՊ-ի դեմ լուրջ ռազմական գործողություններ սկսելու հարցը, և կարծես թե, այդ գործողությունները սկսել են»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա Դ. Շահնազրայանն ընդգծեց, որ Թուրքիայի հետ, Ռուսաստանի հույսերը ևս չարդարացան, ինչպես չարդարացան Չինաստանի դեպքում, բայց ամեն դեպքում Հայաստանը պետք է զգուշանա:
«Կարծում եմ, որ Հայաստանի համար աղետները սկսվում են, երբ սկսվում է ռուս-թուրքական մեղրամիսը, Հայաստանը պետք է զգուշանա: Մենք անգամ պատմական փորձ ունենք, բայց, կարծես թե, ավարտին է մոտենում նրանց մեղրամիսը»,- նշեց նա:
Շարունակելով խոսքը՝ նա նկատեց նաև, որ Հայաստանի համար անընդհատ նորանոր հնարավորություններ են ստեղծվում, որից Հայաստանը պետք է միայն օգտվի: Իսկ եթե ձևավորվող նոր դաշտում Հայաստանն ակտիվ չխաղա, ապա նորից կհայտնվի պարտվողի դերում:
«Որոշակի քայլեր արվում են այս ուղղությամբ, բայց պոտենցիալը շատ ավելի մեծ է: Նույն Արցախի հարցով. կարծում եմ, որ բանակցային նոր գործընթաց է սկսվելու և այժմ կշեռքի նժարը մեր կողմն է, ու քանի որ Ադրբեջանը, լուրջ հակասությունների մեջ մտնելով Արևմուտքի հետ, ավելի է սրացնում իր կարգավիճակը, դրանից Հայաստանը պետք է միայն օգտվի»,- եզրափակեց նա: