30/07/2015 13:00
Վարչապետը հորդորում է գործատուներին ընդառաջել գերեզմանոց գնացող աշխատակիցներին
Արդեն տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 14-ը կլինի ոչ աշխատանքային օր՝ մեռելոց: Այս մասին որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բացատրեց գործադրի այս որոշումը և տեղեկացրեց, որ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը` օգոստոսի 17-ը կլինի աշխատանքային.
«Հարգելի գործընկերներ, Խաչվերացի տոնը, որին ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու ամեն տարի նշվում է որպես ննջեցյալների հիշատակման օր:
Ավանդույթի ուժով, ամեն տարի, մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմաններ՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների: Սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ին՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարվում է ոչ աշխատանքային:
Միաժամանակ օգոստոսի 16-ին, Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրնեքին, հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային:
Սակայն, հաշվին առնելով, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնեա պետությունն է և ունի քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, կոչ եմ անում գործատուներին՝ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը` օգոստոսի 17-ին, ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր այցելում են Եկեղեցի և գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների»,- ասաց վարչապետը: