30/07/2015 14:05
«Երեխային դպրոց ուղարկելու համար 30-50 հազար դրամ է անհրաժեշտ»
Երեխային առաջին դասարան ուղարկելու համար 30 հազար դրամ է անհրաժեշտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Ընկել է մարդկանց գնողունակությունը: Սպառողի սոցիալական վիճակը վատացել է և հնարավութուն չունեն գնումներ կատարելու»,- նկատեց Կ. Չիլինգարյանը:
Միջին դասարանի աշակերտին դպրոց ճանապարհելու համար, Կ. Չիլինգարյանի խոսքով, անհրաժեշտ է նվազագույնը 50 հազար դրամ, իսկ նոր ուսումնական տարվան ընդառաջ` թանկացումներն անխուսափելի են:
«Ավանդույթի համաձայն` դպրոցական պարագաների և հագուստի գինը օգոստոս ամսվա վերջին կտրուկ բարձրանում է: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո երրորդ երկրներից ներկրվող ապրանքների գները բարձրացան: Այս հանգամանքը նույնպես նպաստեց, որ ներկրվող գրենական պիտույքները թանկանան»,-ասաց նա:
Կ. Չիլինգարյանը ծնողներին խորհուրդ է տալիս այսօրվանից արդեն սկսել երեխաներին դպրոց ուղարկելու նախապատրաստական աշխատանքները, քանի որ եթե այսօր կարող են մեկ երեխայի վրա, օրինակ, 30 հազար դրամ ծախսել, ապա օգոստոսին այդ անհրաժեշտ գումարը կկազմի արդեն 35-40 հազար դրամ: