30/07/2015 11:50
Վահան Բաբայանը խոստանում է փակագծեր բացել
Թերթերից մեկին տված հարցազրույցում այսօր ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը քննադատել է ԲՀԿ-ին: Ուշագրավն այն է, որ բոլորովին վերջերս Մուշեղ Սաղաթելյանը նույն այդ ԲՀԿ-ի համակիրների շարքերում էր։ Aysor.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, համանուն խմբակցության անդամ Վահան Բաբայանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է Մ.Սաղաթելյանը հիմա որոշել, որ ԲՀԿ-ն կուսակցություն չէ։
«Ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, սակայն, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ է, թե ինչո՞ւ էր մի ժամանակ նշյալ անձը և ոչ միայն նա, ԲՀԿ-ին համարում միակ կուսակցությունը, որ կարող է երկրում բան փոխվել, և ի՞նչը փոխվեց պարոն Սաղաթելյանի կենսակերպում, որ հիմա նա տրամագծորեն հակառակ կարծիքին է»,- ասաց նա։
Ըստ Վահան Բաբայանի՝ Հայաստանը փոքր երկիր է և բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ընդհուպ՝ խիստ կենցաղային մանրմասներով։ Ու եթե նման անձանց շարունակեն հրապարակ իջեցնել ընդդեմ «Բարգավաճ Հայաստանի», ապա, վստահեցրեց նա, կուսակցությունն էլ այլևս կաշկանդված չի լինի որևէ բանով և շատ փակագծեր կբացվեն.
«Այնպիսին, որ վերջիններիս «հեղափոխական-գլադիատորական» իմիջը հաստատ կհավասարվի զրոյի»,- հավելեց ԲՀԿ-ական Բաբայանը։