31/07/2015 13:55
Աշոտ Մելիքյան. Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնության 23 դեպք
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 5 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող և օպերատոր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
ԽԱՊԿ նախագահի խոսքով՝ բռնության նման մասշտաբն աննախադեպ է:
«Այս հարձակումները գերազանցում են նույնիսկ 2008 թվականի ցուցանիշը, երբ Մարտի 1-ը ներառյալ՝ տուժել էր 18 լրագրող»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Բանախոսն առանձին անդրադարձավ հունիսի 23-ին տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ այդ օրը բռնության են ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակից և ևս 10 լրագրող ու օպերատոր բախվել է այլ անօրինական խոչընդոտումներին:
«Այդ օրն այնպիսի տպավորություն էր, որ հրաման էր եղել մինիմումի հասցնել տեղեկատվական արտահոսքը»,- ասաց Աշոտ Մելիքյանն՝ ավելացնելով.
«Հետաքրքիր է, որ եթե առաջ ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին տուժում, ապա այդ օրը ոչ մի տարբերակում չէր դրվում»:
Ամփոփելով՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների 51 դեպք է արձանագրվել, ինչը 2014 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 7 դեպքով ավելի է: