31/07/2015 15:34
Վենետիկի հանձնաժողովը ողջունում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ-ում Սահմանադրության նախագծի վերաբերյալ նախնական գնահատականը, որով ողջունում է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը: Այդ մասին ասված է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Ըստ եզրակացության` նախագիծը, որը հանձնաժողովի հետ բաց երկխոսության արդյունք է, «շատ լավ հիմք է հանդիսանում» երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար:
Այնուամենյանիվ, Վենետիկի հանձնաժողովը որոշ առաջարկներ է ներկայացնում փաստաթուղթը կատարելագործելու ուղղությամբ:
ՎՀ փորձագետները հորդորում են, որ ընտրական համակարգը չպետք է մանրամասնորեն ներկայացվի Սահմանադրության մեջ: «Առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորության մասին դրույթը պետք է հանվի: Երկրորդ փուլի հնարավորությունը պետք է կարգավորվի Ընտրական օրենսգրքում», -նշված է ՎՀ փորձագետների նախնական գնահատականի մեջ:
Փորձագետներն առաջարկում են նաև Սահմանադրության նախագծից հանել Ազգային ժողովում ողջ գումարման ընթացքում նոր խմբակցության ձևավորման արգելքը, քանի որ դա կարող է սահմանափակել ԱԺ պատգամավորի մանդատի ազատությունը: