31/07/2015 11:49
«Երեխաները մրսել են, չեն թունավորվել». ԱՆ-ն խորհրդակցում է
Գեղարքունիքի մարզում երեկ թունավորման ախտանիշներով 20-ից ավելի երեխա է տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոն:
Ինչպես Aysor.am-ին փոխանցեցին Մարտունու ԲԿ-ից, թունավորված երեխաների թիվը հասնում է 21-ի: «Մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսները դեռ հետազոտվում են: Թե որն է թունավորման պատճառը, այս պահին հստակ ասել չենք կարող. կարող է լինել և՛ ջրից, և՛ սննդից: Նմուշառումները վերցրել են, կպարզեն»,- փոխանցեցին հիվանդանոցից՝ նշելով, որ երեխաներից 10 չեն հոսպիտակացվել, տասը դեռ գտնվում են հիվանդանոցում, իսկ երեխաների առողջականի մասին կարող է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել բաժնի վարիչ Մանուկ Երիցյանը: Aysor.am-ի թղթակցի հարցերին վերջինս հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ այս պահին զբաղված է: «Աշխատում եմ, մի փոքր ուշ զանգահարեք»,- ասաց նա ու կախեց խոսափողը,իսկ ավելի ուշ մեր զանգերին նա չպատասխանեց:
Նշենք, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել մարզի Ծովինար գյուղում գործող ամառային ճամբարից, որը պատկանում է Երկրապահ կամավորականների միությանը: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև ԵԿՄ վարչությունից, որտեղից մեզ պատասխանեցին, որ չեն կարող այդ հարցին պատասխանել:
«Լրագրողների հարցերին պատասխանում է մամուլի խոսնակն, ով այս պահին արձակուրդում է»,- ասացին մեզ, իսկ ահա մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարն էլ, պարզվեց, ինֆորմացիային չի տիրապետում: Նա ասաց, որ ճամբարում երեխաներից 3-ը մրսել է, նրանք այս պահին դուրս են գրվել հիվանդանոցից:
«Երեխաները չեն թունավորվել, այլ մրսել են: Նրանց անհրաժեշտ առաջին օգնությունը հիվանդանոցում ցույց են տվել և դուրս գրել»,- ասաց Վարդան Վարդանյանը՝ վստահեցնելով, թե ամեն ինչ կարգին է:
«Դուք կարող եք գնալ և ճշտել հիվանդանոցից. Ինձ ասացեք, թե ով է ձեզ նման սուտ ինֆորմացիա տրամադրել, այդպիսի բան չկա»,- հավելեց նա:
Մեզ համապատասխան ինֆորմացիա խոստացան տրամադրել նաև ՀՀ առողջապահության նախարարությունից, որտեղ այս պահին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ խորհրդակցություն է ընթանում: