31/07/2015 13:17
Թ.Պողոսյան. Քաղհասարակությունը պետք է պատվիրի ու թելադրի քաղաքական օրակարգը
Քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա պատվիրել ու թելադրել քաղաքական օրակարգը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
«Այն, ինչ տեսանք հունիսին Բաղրամյանում, իսկապես հաղթանակ էր, քանի որ քաղաքացիական հասարակությունը կարողացավ արթնացնել պետական մարմիններին, ստիպել, որ նրանք աշխատեն ու լուծումներ փնտրեն»,- ասաց բանախոսը:
Պատգամավորի խոսքով՝ այո, հատկապես 2008-ից հետո ունեցել ենք նաև անհաջող փորձեր, բայց նոր սերունդը, ըստ Թևան Պողոսյանի, կարողանում է հարցեր բարձրացնել և դա ողջունելի է: Ու հենց այդ հիմքի վրա էլ պետք է ստեղծվեն հիմնադրամներ ու կազմակերպություններ, որոնք տարբեր սոցիալական խնդիրներ կլուծեն, հարցեր կբարձրացնեն.
«Քաղաքացիական հասարակության կարևոր գործառույթներից մեկն է թույլ չտալ, որ պետական մարմինները քնեն»:
Վերադառնալով հունիսյան զարգացումներին` պատգամավորն ասաց, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը դարձրեց քաղաքական օրակարգ, քանի որ երբ դժգոհություն ես հայտնում ողջ համակարգի դեմ, ապա դա արդեն քաղաքականություն է:
«Եթե ասեին՝ «Ոչ 7 դրամին» , ապա գուցե սոցիալական լիներ։ Բայց ես վստահ եմ, որ երիտասարդները ճիշտ քայլ են արել՝ դնելով ոչ միայն 7 դրամի խնդիրը, այլ ողջ համակարգի առողջացման խնդիրը»,- հավելեց Թ.Պողոսյանը: