31/07/2015 18:30
ԱՄՆ դեսպանը` ԱԺ-ում
ԱԺ-ում տեղի է ունեցել ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ արտակարգ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել է բարեկամական խմբի փոխգործակցությունը ոչ միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանության, այլև Միացյալ Նահանգների կոնգրեսականների հետ:
Ազգային ժողովում հայ-ամերիկյան բարեկամության պատգամավորական խմբի հետ հանդիպման ժամանակ դեսպան Միլսը մասնավորապես նշել է.
«Միացյալ Նահանգները մեծապես արժևորում է Հայաստանի հետ իր բարեկամությունը և ուզում եմ հավաստիացնել, որ հայ-ամերիկյան ամուր համագործակցության առջև դուռը մնում է բաց:
Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է գործակցել Հայաստանի կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ` զարգացնելու ժողովրդավարական հաստատությունները, ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը մեր ռազմական համագործակցության միջոցով և ընդլայնելու մեր երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ու տիրույթները: Ազգային ժողովը միանշանակ կարևոր գործընկեր է հայ-ամերիկյան կապերի խորացման հարցում, և մենք կաշխատենք առավել սերտորեն` ամրապնդելու մեր կապերը Հայաստանի օրենսդիր կառույցի հետ»,-նշել է Ռիչարդ Միլսը:
ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Հերմինե Նաղդալյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և Արծվիկ Մինասյանը, կարևորելով ԱՄՆ-ի հետ քաղաքական հարաբերությունները, ներկայացրել են բարեկամական խմբի օրակարգային հարցերը, որոնք վերաբերում էին ՀՀ ազգային անվտանգությանը, ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը, ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցությանը, Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին և այլն:
Ամփոփելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպումը` ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը վստահեցրել է, որ ԱԺ պատգամավորների առաջադրած բոլոր հարցերը կքննարկվեն, կամփոփվեն և կձևավորվի աշխատանքային օրակարգ՝ հետագայում համատեղ աշխատանքներ կազմակերպելու և իրականացնելու նպատակով: