31/07/2015 15:42
100 տարի անց պատմափաստագրական աշխատության մեջ մանրամասն նկարագված էր եզդիների ցեղասպանությունը
«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունն այսօր Հանրապետության հրապարակի հարակից այգում կազմակերպել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականի օգոստոսի 3-ից եզդի ժողովրդի հանդեպ իրականացվող ցեղասպանությունը:
Ցուցահանդեսի նպատակն էր հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել եզդիների ցեղասպանության վրա: Ցուցահանդեսին էին ներկայացվել եզդի ուսանողների ստեղծագործությունները, որտեղ ներկայացվեց նաև «100 տարի անց» պատմափաստագրական աշխատությունը, նաև՝ եզդի ժողովրդի ցեղասպանությունը:
«Չորս հարյուր հազարից ավելի մարդ այժմ գտնվում է փախստականի կարգավիճակում Իրաքի այլ հատվածներում, Սիրիայում, Թուրքիայում և այլ վայրերում»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության անդամ Զեմֆիրա Քալաշյանը:
Ի դեպ՝ երեկ Իրաքից Հայաստան է տեղափոխվել ևս 3 ընտանիք, ովքեր անգամ Շանգալն ազատագրելու դեպքում չեն ուզում վերադառնալ այնտեղ:
Նշենք, որ «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունն այդ ընտանիքների համար նյութական աջակցություն է ցուցաբերել։
«Հարձակումների ընթացքում մենք կորցրինք մեր հարազատներին։ Հորեղբորս և նրա երկու աղջիկներին։ Նրանց սպանել են փախուստի ճանապարհին։ Եթե անգամ ազատագրվի Շանգալը, բայց նորից քրդերի ենթակայության տակ լինի, ապա անիմաստ է վերադառնալ, քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ մեկ ամիս հետո նույն դեպքերը չեն կրկնվի»,- պատմեց փախստական Ֆադլ Բշարը, ով նշեց, որ Շանգալը պետք է ինքնավար լինի, որպեսզի եզդիները հնարավորություն ունենան զորքերը ունենալ և իրենց պաշտպանությունը կազմակերխպեն, իսկ այսօր այդպիսի հնարավորություն գրեթե չկա: