01/08/2015 12:35
Թուրքիայում քրդամետ կուսակցության հայ համանախագահին սպառնացել են. «Հա՛յ, մեռնելո՛ւ ես»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչներից մեկին՝ Շըրնաք նահանգի կառույցի հայ համանախագահ Ասմին Քիրաչին Facebook սոցցանցում սպառնացել են: Կուսակցական հայ գործիչն իր դստեր հետ է բնակվում, և մտահոգություններ է հայտնել նաև վերջինիս կյանքի համար: Նա անհանգստացած է, քանի որ սպառնալիքներն ավելի են ակտիվանում ու լրջանում:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հուլիսի 25-ին և 26-ին Քիրաչը սոցցանցով մահվան սպառնալիք է ստացել, որտեղ նրան սպառնացել են գլխատել։
Հաղորդագրություններում եղել են նաև հայերի ու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների՝ PKK-ականների հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ։ «Հա՛յ, մեռնելո՛ւ ես։ Բոլորդ PKK-ական եք, հեռացե՛ք Թուրքիայից»,- գրված է եղել նրան ուղարկված նամակներից մեկում:
Քիրաչը տեղեկացրել է, որ այդպիսի սպառնալիքները նոր չեն: Նրան սպառնացել են նաև խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանում։ Նա հայտարարել է, որ նախընտրական շրջանում իր տան վրա նշան են արել: Նա նշել է, որ այնպիսի նշան «Իսլամական պետություն» խմբավորումն անում է Սիրիայում քրիստոնյաների տներին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այդ ժամանակահատվածում նրան նաև զանգահարել են և ասել. «Տանը նստիր, թե չէ գլուխդ կկտրենք»։
Քիրաչի խոսքով՝ այդ սպառնալիքը ոչ միայն իրեն են ուղղված, այլև Ստամբուլում բնակվող շատ հայերին, ովքեր ևս լուրջ մտահոգություններ են հայտնել։ «Նրանք պնդել են, որ չեն կողմնորոշվում, թե այդ հարցով ում կարելի է դիմել: Չգիտենք՝ ո՞ւր գնանք և ո՞ւմ դիմենք»,-ասել է Քիրաչը՝ նշելով, թե չի ցանկանում, որ լրագրող Հրանտ Դինքի սպանության նման դեպքերը կրկնվեն:
Նա հիշեցրել է, որ Դինքն էլ առաջին սպառնալիքների ժամանակ ոչինչ չէր ձեռնարկել։