01/08/2015 10:47
Այսօր Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրն է
Սբ. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թվականին Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա իր կրթությունն ստացել է Կեսարիայում, այնուհետև Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի` սբ. Բարսեղ Կեսարացու հետ: Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետեւ դառնում Սասիմայի եպիսկոպոս: Այս մասին տեղեկանում ենք qahana.am կայքից:
Սբ. Գրիգոր Աստվածաբանը սբ. Բարսեղ Կեսարացու հետ համառ պայքար է մղել արիոսականների դեմ, մասնակցել նաև Պոլսի Բ տիեզերաժողովին: Նա վախճանվել է 389 թվականի հունվարի 25-ին: Գրիգոր Նազիանզացին թողել է հարուստ գրական ժառանգություն, որը թարգմանվել է հայերեն 5-8 դարերում:
Հայերեն թարգմանության մի մասն ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին: Սբ. Գրիգոր Նազիանզացին քրիստոնեության մեծագույն դեմքերից մեկն է, որն արիոսականների դեմ իր պայքարով նպաստել է քրիստոնեության անաղարտ պահպանմանը և իր հարուստ գրվածքներով մեծապես ազդել քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման վրա: