01/08/2015 15:29
Երևանում ծնված եռյակի ծնողներն օգնության կարիք ունեն. News.am
29-ամյա Սեդան ու նրա ամուսինը՝ Տիգրանը, միշտ երազել են երրորդ երեխան ունենալու մասին, սակայն ճակատագիրը նրանց համար հետաքրքիր անակնկալ էր պատրաստել: Հղիության 16-17-րդ շաբաթում Սեդան ՈւՁՀ հետազոտություն անցավ և իր համար միանգամայն անսպասելի լուր իմացավ՝ պտուղը մեկը չէր, նա եռյակի էր սպասում:
«Չեմ կարող նույնիսկ նկարագրել, թե ինչ ապրումներ եմ ունեցել այդ պահին, - NEWS.am-ի Medicine-ի թղթակցին պատմել է Սեդան հավելելով, որ զգում է միաժամանակ և ուրախություն, և անհանգստություն: «Իհարկե, մեր երկրում շատ դժվար է եռյակ մեծացնելը: Ես նախապես գիտեի, որ շատ դժվար է լինելու՝ հինգ անչափահաս, որոնցից երեքը նորածին… »,- հավելել է նա:
Սեդան հղիացել է բնական ճանապարհով, իսկ բնական ճանապարհով բեղմնավորած եռյակները շատ հազվադեպ են հանդիպում: Տարեկան այդ ծննդադատնը ծնվում են 35-40 երկվորյակներ, իսկ եռյակներ՝ տարին 2-3 անգամ: «Սակայն ես չեմ հիշում որևէ մի դեպք, երբ եռյակը բեղմնավորվել է բնական ճանապարհով», - NEWS.am Medicine-ին պատմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Արեն Գյոզալյանը: Եռյակը լույս աշխարհ է եկել նշյալ ծննդատանը:
Հատկանշական է, որ բոլոր եռյակները տարբեր ձվաբջիջներից են, յուրաքանչյուրն իր ընկերքն ուներ, նրանք նույնիսկ արյան տարբեր խմբեր ունեին:
Այժմ Սեդան ու Տիգրանը 5 երեխա ունեն: Մեծ աղջիկը վեց տարեկան է, այս տարի դպրոց կգնա, երկրորդ երեխան՝ որդին, երկու տարեկան է: Իսկ նորածինները՝ մի քանի օրական: Խնդիրն այն է, որ ընտանիքը վարձով է ապրում: Սեդան չի աշխատում, քանի որ պետք է խնամի երեխաներին, իսկ ամուսինը՝ Տիգրանը, ևս մշտական աշխատանք չունի: Այդ պատճառով ընտանիքի համար շատ դժվար կլինի, իսկ նորածին եռյակը բավականին շատ ծախսեր է պահանջում՝ սնունդ, հագուստ և այլ պարագաներ: Սեդան փորձում է երեխաներին կրծքով կերակրել, սակայն կաթը երբեմն չի բավականակացնում և արհեստական կեր օգտագործելու անհրաժեշտություն է ի հայտ գալիս, ինչը հավելյալ ֆինանսական միջոցներ է պահանջում:
Կլինիկայի ղեկավարությունը երեխաների համար հագուստ, սնունդ ու տակդիրներ է գնել, որոնք պետք է բավականացնեն մի քանի օր, սակայն ընտանիքը բոլորիս օգնության կարիքն ունի: Ծնողները շնորհակալ կլինեն ամեն հնարավոր օգնության համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: