01/08/2015 09:46
Թեհրանը պատժամիջոցների վերացումը արդեն իսկ համարում է գրեթե կայացած իրողություն
Վերջին օրերին Թուրքիայում և Թուրքիայի շուրջ ծավալվող իրադարձությունները ինչ-որ չափով ստվերեցին Իրանի հետ կապված զարգացումները: Եվ շատ իզուր, քանի որ թեկուզ նույն Թուրքիայում ծավալվող իրադարձությունների ֆոնին իրանական ուղղությունը ձեռք է բերում հսկայական նշանակություն: Ընդ որում, այս մասին է վկայում նաև այցելությունների այն շքերթը, որի նախաձեռնողը Եվրամիությունն է, և որը ունի միայն մեկ նպատակ՝ ամեն ինչ անել, որպեսզի բանակցող վեցնյակի և Թեհրանի միջև կայացված համաձայնությունները կյանքի կոչվեն: Ինքը՝ Իրանը, նույնպես բավական ակտիվ գործունեություն է ծավալել սահմանակից պետություներում, ինչը ենթադրում է, որ Թեհրանը պատժամիջոցների վերացումը արդեն իսկ համարում է գրեթե կայացած իրողություն:
Այսուհանդերձ, ինչպես արդեն նշվեց, Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են որոշակիորեն փոխել զարգացումների տրամաբանությունը: Մասնավորապես, Իրանից Թուրքիա տանող գազատարի պայթեցումը, Թուրքիայում քրդական զինված միավորումների ակտիվացումը և, ի վերջո, բուն Թուրքիայի տարածքում պատերազմի հնարավոր ծավալումը Իրանի իշխանություններին պետք է ստիպի մտածել գազի (և ոչ միայն) արտահանման այլընտրանքայի ու ապահով ուղիներ փնտրելու մասին:
Ըստ էության, իրանական կողմն այդ փնտրտուքն արդեն իսկ սկսել է: Համենայնդեպս, Իրանի արտահանման և զարգացման նախարար Ալի Սալեհ Աբադիի այցը Հայաստան պետք է դիտարկել հենց այդ համապատկերում և ահա, թե ինչու՞: Հասկանալի է, որ պատժամիջոցների գործարկումը կասեցրեց հայ-իրանական մի շարք համատեղ ծրագրեր, որոնցից, թերևս, ամենաառարկայականը Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահողորդման գծի կառուցումն ու Հայաստան-Իրան սահմանագլխին Արաքսի ՀԷԿ-ի շինարարությունն էր: Պարզ է, որ իրանական կողմին հետաքրքիր է, թե արդյո՞ք այս ընթացքում հայկական կողմը չի մտափոխվել և նախկին պայմանավորվածությունները շարունակու՞մ են ուժի մեջ մնալ: Որքանով որ կարելի է դատել Հայաստանի իշխանությունների պահվածքից, ծրագրերի փոփոխություններ չկան և այս ծրագրերն առաջիկայում բարեհաջող կմեկնարկեն: Ըստ որում, իրանական իշխանություններն այս մասին տեղեկացված էին և դժվար է հավատալ, որ Իրանի արտահանման և զարգացման նախարարը, իսկ առաջիկայում նաև Իրանի փոխնախագահը հասնելու են Երևան՝ ակնհայտ իրողություններն իրենց համար վերահաստատելու նպատակով:
Հետևաբար, այս այցերն ունեն շատ ավելի խորքային նպատակ և ավելի շատ փորձ է հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա իր վրա վերցնել Իրանը Եվրոպայի հետ կապող կամուրջ դառնալու դերակատարումը, եթե ներքին լրջահգոյն խնդիրների պատճառով դա չկարողանա անել Թուրքիան: Ասենք, եթե նույնիսկ Թուրքիային ինչ-որ կերպ հաջողվի հանդարտենել ներքաղաքական իրավիճակը և քրդերի հետ ընդհանուր լեզու գտնել (ինչը քիչ հավանական է), Իրանին, միևնույնն է, անհրաժեշտ է ունենալ այլընտրանքային ուղիներ: Ընդ որում, եթե բեռնափոխադրումների հարցում կարծես խնդիր չկա (Հյուսիս-Հարավ մայրուղին և Իրան-Հայաստան երկաթգծի հնարավոր շինարարությունն այդ խնդիրն ի զորու են լուծել), ապա էներգակիրների արտահանման հարցում կան բազմաթիվ հարցականներ:
Նախևառաջ, հիմնական խոչընդոտը Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունն է: Տրվելով ռուսական ճնշումներին, հայկական կողմը ժամանակին հրաժարվեց տարանցիկ գազամուղի շինարարությունից՝ բավարարվելով խողովակներով, որոնց թողունակությունը կարող է բավարարել միայն Հայաստանի ներքին պահանջները: Առաջին փաստարից ածանցյալ է նաև երկրորդ խոչընդոտը, որն այս դեպքում Հայաստանի գազատար ցանցերի սեփականատերը հանդիսացող Ռուսաստանն է: Արդյո՞ք ՌԴ-ն կհամաձայնի մասնակցել մի ծրագրի, որի իրականացման նպատակը հենց Ռուսաստանի էներգետիկ մենաշնորհի դեմ է ուղված:
Ասենք, Ռուսաստանն այս դեպքում մանևրելու մեծ հնարավորություններ չունի, քանի որ եթե որոշվի իրանական գազը այլընտրանքային ուղիով հասցնել Սև ծով, ապա դրա համար կա ընդամենը երկու ճանապարհ. Իրան-Հայաստան-Վրաստան և Իրան-Ադրբեջան-Վրաստան: Երրորդը տրված չէ: Եվ, հետևաբար, առաջիկայում մենք պետք է որ ականատեսը լինենք այս հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև կատաղի մրցակցությանը: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Կրեմլը պիտի իր համար որոշի, թե ո՞ր տարբերակն է իր համար նվազ վտանգավոր. Խոչընդոտել հայկական տարբերակին, գազամուղը շեղել դեպի քաղաքականապես անբարեհույս Ադրբեջան՝ հընթացս զրկվելով Հայաստանի՞ց (քանի որ սա արդեն նույնիսկ հասարակական ընկալման մակարդակով կընկալվի որպես աղաղակող դավաճանություն), թե՞, այնուամենայնիվ, հաշտվել իրողության հետ՝ ռազմավարական դաշնակից Հայաստանին հնարավություն տալով ոչ միայն ամրապնդել դիրքերը տարածաշրջանում, այլև այդ կերպ կարևորելով Ռուսաստանի դերը ամբողջ «Մեծ Մերձավոր Արևելքում»: