01/08/2015 16:23
Հայաստանում կան վայրեր, որտեղ ոռոգումն իրականացվում է կոյուղաջրերով. Բնապահպան
Հայաստանում կան շրջաններ, որտեղ այգիների և բանջարանոցների ոռոգումն իրականացվում է կոյուղաջրերով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ահազանգեց բնապահպան, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանը:
«Օրինակ՝ Արարարատ քաղաքին հարակից գյուղերում, ինչպես նաև շատ այլ տեղեր, որ չեմ ուզում նշել, որտեղ չնայած ջուրը հոսում էր, այնուամենայնիվ, տարբեր խնդիրների պատճառով, ասենք՝ պոմպը չէր աշխատում, կամ մարդիկ գումար չունեին վճարելու, ոռոգումն իրականացվում էր կոյուղաջրերով, քանի որ այն մատչելի է: Ծակում են կոյուղու խողովակը և այդ ջրով ջրում են այգիներն ու բանջարանոցները»,-ասաց բնապահպանը:
Վերջին շրջանում աղիքային ինֆեկցիաների դեպքերի աճը բնապահպանը պայմանավորում է հենց այս հանգամանքով ու պատկան մարմիններին կոչ անում խնդրով զբաղվել:
Նա ասաց, որ այս հարցի մասին բարձրաձայնել են, սակայն որևէ արձագանք մինչ օրս չկա: