01/08/2015 10:12
Կրծքով սնուցման ու լիարժեք սնունդի շնորհիվ ամեն տարի կարելի է փրկել 220 000 կյանք
Կրծքով կերակրման կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելու համար աշխարհի ավելի քան 170 երկրում օգոստոսի 1-7 նշվում է որպես կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ:
Հայաստանի Օմբուդսմենն իր Տարեկան զեկույցում, որպես դրական զարգացում, հատուկ անդրադարձ է կատարել 2014 թվականի նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ Facebook-յան էջից:
Ըստ երեխաների իրավունքների համաձայնագրի՝ յուրաքանչյուր նորածին և փոքր երեխա ունի պատշաճ սնուցում ստանալու իրավունք.
• երեխաների մահվան դեպքերի 45%-ը պայմանավորված է թերսնուցմամբ,
• աշխարհում 5 տարեկանից փոքր մոտ 165 միլիոն երեխա թերաճ է, իսկ 100 միլիոնն ունի քաշ/հասակ հարաբերակցության ցածր ցուցանիշ՝ որպես վատ սնուցման ու կրկնվող վարակների արդյունք: Միևնույն ժամանակ,մոտ 43 մլն երեխա ունի ավելորդ քաշի կամ ճարպակալման խնդիր,
• 0-6 ամսական նորածինների 38%-ը կերակրվում է բացառապես կրծքով,
• երեխաների շատ փոքր մասն է ստանում լիարժեք ու անվտանգ հավելյալ սնուցում. շատ երկրներում փոքր երեխաների միայն մեկ երրորդն է ստանում բազմազանությամբ և հաճախականությամբ իր տարիքին համապատասխան սնունդ,
• տարեկան մոտ 220 000 երեխայի կյանք է հնարավոր փրկել` կրծքով կերակրելու և ճիշտ հավելյալ սնուցման սկզբունքների լուսաբանման միջոցով:
Մինչև 5 տարեկան երեխաների մոտ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը թերսնուցումն է: Երեխայի կյանքի առաջին երկու տարիներին սնուցման խնդիրն առանցքային դեր է կատարում առողջ աճի և զարգացման, ինչպես նաև մահացության կրճատման հարցում՝ կանխելով քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ավելի հստակ պատկերացում կազմելու համար նշենք, որ կրծքով սնուցումն ու լիարժեք սնունդն այնքան կարևոր են, որ, այդ խնդիրը լուծելով, յուրաքանչյուր տարի կարելի է փրկել 220 000 կյանք: