01/08/2015 10:00
«Հյուսիսային հոսք-2» vs «Թուրքական հոսք»
Ներկայումս միջազգային մամուլի և մի շարք պետությունների ուշադրության կենտրոնում է երկու գազատարերի` «Հյուսիսային Հոսք-2» և «Թուրքական հոսք» շինարարությունները: Այս երկու գազատարերի կառուցումն ունի իր դրական և բացասական կողմերը, միմյանցից տարբերվում են բյուջեի, ինչպես նաև ժամանակատարության առումով:
Գազպրոմը ելնելով այն բանից, որ Եվրոպան, սեփական պաշարները սպառելուց հետո, կպահանջի ավելի շատ ռուսական գազ` որոշեց առաջ քաշել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագիծը: Գազատարը սկիզբ է առնում ռուսական Վիբորգ քաղաքից և Բալթիկ ծովի հատակով ձգվում մինչև Գերմանիայի Գրաֆսվալդ քաղաք: Ստորջրյա գազատարով Գերմանիան տարեկան 55 մլրդ խ/մ գազ կստանա ՌԴ-ից: Գազատարն ունի 1224 կմ երկարություն:
Նման գազատար կառուցելու նպատակը դեպի եվրոպական շուկա ռուսական գազի ծավալների մեծացումն ու տարանցիկ երկրներից կախվածության նվազեցումն է: «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումը լրջորեն մտահոգել է որոշ արևելաեվրոպական երկրների, քանի որ նրանց կարծիքով, դա ռուս-գերմանական վտանգավոր համագործակցության սկիզբ կդառնա: Ավելին, ռուսական գազի ուղղակի փոխադրումը, կարող է ամբողջությամբ վերացնել Ռուսաստանի նկատմամբ մի շարք երկրների դեմարշը:
Այն կառուցելու համար անհրաժեշտ կլինի մոտովորապես 9,9 մլրդ եվրո, գազատարը շահագործման կհանձնվի 2019թ-ի վերջին:
Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքին», ապա նրա շնորհիվ ռուսական գազը Սև ծովի միջոցով կարտահանվի Եվրոպա: Գազատարը կհասցվի մինչև թուրք-հունական սահմանը, իսկ այդտեղից արդեն դեպի Եվրոպա գազատարի շարունակության կառուցման համար Ռուսաստանը կարիք կունենա նոր պայմանավորվածություններ ձեռք բերել եվրոպական երկրների հետ:
Սև ծովի հատակով անցնող գազատարը նախատեսում է տարեկան շուրջ 63 մլրդ խմ ռուսական գազի տեղափոխում դեպի Թուրքիա: Նոր գազատարի երթուղին գրեթե ամբողջությամբ նույնն է լինելու, ինչ «Հարավային հոսքի» դեպքում էր: Այս գազատարի երկարությունը կազմելու է 1100 կմ:
«Գազպրոմի» կանխատեսումներով` Ուկրաինան շրջանցող այս գազատարի շինարարությունը պետք է ավարտված լինի 2016 թվականի դեկտեմբերին: Նման գազատար կառուցելու համար պետք է մոտովորապես 24 մլրդ եվրո:
Ժամանակի խնայողության առումով ներկա պահին ավելի ձեռնտու է «Թուրքական Հոսքը», քանի որ այն շահագործման է հանձնվելու 2016թ-ի վերջին, իսկ «Հյուսիսային Հոսք-2»-ը` 2019թ-ի վերջին:
Ինչ վերաբերում է վստահելիության աստիճանին, ապա եվրոպական երկներից մինչ այժմ «Թուրքական հոսքով» հետաքրքվածություն է ցուցաբերել միայն Ավստրիան։ Այս ամենը լուրջ կասկածներ է ստեղծում, որ «Թուրքական հոսքն» իր նախորդի՝ «Հարավային հոսքի» ճակատագրին կարող է արժանանալ։ Իսկ «Հյուսիսային Հոսք 2-ին» ցանկանում են միանալ ավելի շատ եվրոպական պետություններ և գնալով ավելի փոխշահավետ համաձայնագրեր են սկսում կնքել: