03/08/2015 10:50
Արտահանման ցուցանիշները բարելավվում են
Հայաստանի արտահանման ցուցանիշները տարեսկզբի համեմատ էապես բարելավվել են։ Առաջին կիսամյակի տվյալներով, արտահանումն ընդհուպ մոտեցել է նախորդ տարվա մակարդակին։ Ինչը բավական լավ արդյունք է տարեսկզբի կտրուկ անկումից հետո։
Ինչպես հայտնի է, տնտեսական տարվա սկզբին Հայաստանի արտահանման վիճակը, մեղմ ասած, այնքան էլ բարվոք չէր։ Անկումը նախորդ տարվա համեմատ տատանվում էր ընդհուպ մինչև 25 տոկոսի սահմաններում։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կառավարությունը բազմաթիվ քայլեր ձեռնարկեց իրավիճակը շտկելու համար։ Դրանք արտահայտվեցին ինչպես այլ շուկաներ ձեռք բերելու, այնպես էլ արտահանման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու, խոչընդոտները հինարավորինս նվազեցնելու և խթանող միջոցառումներ իրականացնելու տեսքով։ Արդյունքները տեսանելի են։
Արդեն առաջին կիասամյակի տվյալներով, արտահանումը նախորդ տարվա մակարդակը զիջում է ընդամենը 2,3 տոկոսով։
Արտահանման ոլորտում կտրուկ ակտիվություն նկատվեց հատկապես մայիս-հունիս ամիսներին։ Եթե մայիսին հիմնականում վերականգնվեց նախորդ տարվա մակարդակը, ապա արդեն հունիսին այն 7 տոկոսով գերազանցեց 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Մի բան, ինչը հնարավորություն տվեց զգալիորեն բարելավելու նաև այս ոլորտի տարեկան ցուցանիշները։
Հունիսին էապես ավելացել է հայկական ապրանքների առաքումը հատկապես ռուսական շուկայում։ Ինչպես հայտնի է, ռուբլու արժեզրկման հետևանքով դեռևս անցած տարվա վերջին եռամսյակից սկսած լուրջ դժվարություններ են ի հայտ եկել Ռուսաստանում ներմուծվող ապրանքների իրացման հետ կապված։ Այնուհանդերձ հունիսն այդ առումով բավական բարվոք է եղել հայկական ապրանքների համար։
Եթե տարեսկզբի առաջին հինգ ամիսներին Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել ընդամենը 3,6 մլն դոլարի ապրանք, ապա արդեն վեց ամիսների արդյունքում այն հասել է 70,9 միլիոնի։ Դրանում իհարկե ուղղակի ազդեցություն է ունեցել նաև ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ առևտի ցուցանիշների հստակեցումը։
Դրանով հանդերձ, ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացումը դեռևս էապես զիջում է նախորդ տարվա մակարդակը։ Միայն տարեսկզբի առաջին վեց ամիսներին 2014թ. համեմատ Հայաստանն այստեղ կորցրել է գրեթե 63 մլն դոլար։ Մի բան, ինչը հաջողվել է փոխհատուցել արտահանման կառուցվածքի փոփոխության և այլ շուկաներում իրացման ծավալների ավելացման հաշվին։
Ի տարբերություն ավանդականների՝ Հայաստանի արտահանման ակտիվություն է արձանագրվել այլ շուկաներում։ ԱՊՀ և ԵՄ-ից դուրս այլ երկրների հետ արտահանման շրջանառությունն առաջին կիսամյակում աճել է ավելի քան 20 տոկսով։
Կտրուկ ակտիվություն է գրանցվել Շվեյցարիայի հետ հարաբերություններում։ Նախորդ տարվա ընդամենը 3,1 միլիոնի փոխարեն, այս տարի արտահանումը գերազանցել է 28,7 մլն դոլարը։
Շարունակում է իրացման շրջանառությունների ավելացումը չինական շուկայում։ Տարեսկզբի առաջին վեց ամիսներին արտահանումն այստեղ ավելացել է շուրջ 35 տոկոսով՝ հասնելով 92 մլն դոլարի։
Վերջին երկու տարիներին Հայաստանի համար կարևոր ձեռքբերում է դարձել Իրաքը, որ լավ շուկա է հատկապես հայկական ծխախոտի իրացման համար։ Առաջին կիսամյակի տվյալներով, արտահանումը Իրաք ավելացել է 52 տոկոսով՝ հասնելով 54 մլն դոլարի։
Կարճ ժամանակ առաջ Հայաստանն այս երկրի հետ ուներ արտահանման գրեթե զրոյական ապրանքային շրջանառություն։ Այնինչ այսօր Իրաքը դարձել է Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը, որի բաժինը արտահանման մեջ մոտեցել է 7,7 տոկոսի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 5 տոկոսի սահմաններում էր։