03/08/2015 13:35
Թունավորում Կոտայքի մարզում. Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Կոտայքի մարզից սուր սննդային թունավորում ախտորոշմամբ 11 քաղաքացի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 19-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը` Մասիսի բժշկական կենտրոն: Բոլորը մասնակցել են միևնույն միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը և ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանն այցելել են բժշկական կենտրոններ, ծանոթացել հիվանդների առողջական վիճակին:
Բժշկական հաստատություններում կատարվել են համաճարակաբանական բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու միջոցառումները:
Հոսպիտալացված հիվանդների մեծ մասն առողջացումով դուրս է գրվել: Իսկ այս պահին բուժումը շարունակում է տասը հիվանդ, որոնցվից 5 -ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 5-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանց մոտ ևս առկա է դրական շարժընթաց: Հիվանդների առողջական վիճակը գտնվում է ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի անմիջական հսկողության ներքո:
Հաշվի առնելով հանրապետությունում շոգ կլիմայական պայմանները` ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը հետևել ճիշտ սննդակարգին, խուսափել ժամկետանց սնունդ օգտագործելուց, չսնվել պատահական վայրերում: