03/08/2015 12:32
Փոքրիկ Յուրին պետք է բուժվի արտերկրում, բայց ընտանիքն այլևս միջոց չունի պայքարելու համար
Փոքրիկ Յուրայի մոտ կյանքի 8-րդ ամսում ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված և Վեստի Համախտանիշ (ցնցումներ): Aysor.am-ի հետ զրույցում երեխայի մայրը՝ Գայանե Մինասյանն ասաց, որ թեև բժիշկները հավաստիացնում էին, որ երեխան առողջ է ծնվել, բայց նա վստահ է՝ ծննդաբերելու ժամանակ բժիշկները սխալ քայլեր են արել ու վնասել երեխային, հետագայում հմտորեն կոծկելով այդ հանգամանքը:
«Յուրին մեծանում էր, բայց զգում էի՝ զարգացումը առաջ չի գնում: Տանում էինք բժշկի, ասում էին, թե ոչինչ, շուտ է ծնվել՝ ուշ է զարգանալու։ Բայց 8 ամսականում ասացին, որ երեխան ունի մանկական ուղեղային կաթված և Վեստի Համախտանիշ (ցնցումներ) ։ Բժիշկը ՝ Հասմիկ Կառլենովնան ասաց՝ մայրիկ ջան, դուք դեռ երիտասարդ եք, գնացեք ձեզ առողջ երեխաներ ունեցեք, սա ձեզ երեխա չի դառնա»,- պատմեց մայրը։
Այնուհետ սկսվել է կյանքի նոր, դժվարին փուլը՝ հաղթահարել շոկը, պայքարել առողջության ու երեխայի ապագայի համար՝ անկախ այն հանգամանքից, թե սառնասիրտ բժիշկները ինչ էին ասում Յուրիի երեխա դառնալ-չդառնալւ մասին: Սկսել են դեղորայքային բուժումներից՝ թանկ ու անօգուտ դեղերի շարան աշխարհի տարբեր անկյուններից։
«Լսեցինք, որ հորմոնները կանգնացնում են ցնցումները, մի քանի անգամ առաջարկեցինք՝ չարեցին, շարունակ դեղեր էին նշանակում: Մեր ամբողջ եկամուտը գնում էր դեղերին։ Այնուհետ «Հայ մայրեր» հկ տնօրեն Նարինե Մանուկյանն առաջարկեց տարին մի քանի անգամ մասնակցել անվճար թերափիաների ու հասկացա, որ երկար աշխատանքի ու պայքարի միջոցով հաղթահարելի խնդիր է մեր խնդիրը»,- ասաց նա, սակայն նկատեց, որ ամենամեծ խնդիրը՝ ցնցումները, այդպես էլ չեն դադարել։
Փոքրիկ Յուրին հետազոտվել է նաև ՌԴ-ում, որտեղ հետազոտությունները ցույց են տվել, որ երեխան պարանոցի վնասվածք ունի, որը նա ձեռք է բերել ծննդաբերության ժամանակ։
«Վերադարձանք տուն, վերջապես նշանակեցին հորմոններ, բայց Յուրիի օրգանիզմը դրանք ցավոք չընդունեց…. Հիմա կանգնած ենք անդունդի եզրին, այդ ցնցումները քայքայում են երեխայիս օրգանիզմն ու ուղեղի բջիջները, ամեն օրը ճակատագրական է մեզ համար։ Իսկ մենք սպառել ենք մեր գումարները, բոլոր հնարավոր ու անհնար տեղերից պարտքով գումար ենք վերցրել: Յուրին անհապաղ բուժումը պետք է շարունակի արտերկրում, բայց մենք գումար չունենք, առանց այդ էլ դժվարությամբ ենք հայթհայթում երեխայի համար սնունդ գնելու գումարը»,- հավելեց մայրը:
Փոքրիկին օգնելու համար «ARDSHINBANK»-ում բացվել է հաշվեհամար Գագիկ Թադևոսյանի անունով՝ 2470016936280010
Երեխայի մոր՝ Գայանե Մինասյանի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 043888903, 093888902 հեռախոսահամարներով: