05/08/2015 13:20
Ձկնաբուծության ներքին շուկան վնասված է, արտաքին շուկայում անմրցունակ ենք. Ա. Աթոյան
«Ձկան մեծածախ գինը հավասարվել է ինքնարժեքին, իսկ վարկային պարտավորություններ ունեցողները նույնիսկ ինքնարժեքից 120-150 դրամով էժան են վաճառում»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը` հավելելով, որ ձկնաբուծության ներքին շուկան վնասված է, իսկ արտաքին շուկայում դարձել ենք անմրցունակ:
«Ձկնաբուծության ներքին շուկան վնասված է, վթարված է, քանի որ այնտեղ գործում են ինքնարժեքից ցածր գներ: Արտաքին շուկայում մենք դարձել ենք անմրցունակ, որովհետև կորցրել ենք նախկինում ունեցած հնարավորություններն ու կարողությունները, որի հետևանքով էլ նվազել են նաև արտահանման ծավալները»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ պետական կառույցների հետ համագործակցության բացակայության պատճառով ձուկ արտադրողները դարձել են անօգնական ու խնդիրների առջև անկարող.
«Լիազոր մարմինը իր իրավունքները սխալ ու ոչ պատշաճ կիրառելու պատճառով ձկնարտադրությունը վտանգում է»:
Ա. Աթոյանի խոսքով՝ իշխանությունները պետք է մշտապես հսկողություն իրականացնեն, որպեսզի լիազոր կառույցներն իրականացնեն իրենց պարտավորությունները: