05/08/2015 12:43
Նաիրիտցիները կդիմեն դատարան՝ շանտաժի փաստով
Մեզ ստիպեցին ստորագրել պարտքի զիջման պայմանագրեր, բայց հիմա, երբ սոցիալական հարցը լուծվեց՝ աշխատավարձերը վճարվեցին, կդիմենք դատարան ու դատախազություն՝ ոչ թե տույժ ու տուգանքները վերադարձնելու համար, այլ որովհետև մեզ ստիպեցին ստորագրել, այլապես աշխատավարձ չէինք ստանա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Եթե ես դիմեմ դատարան, ապա դիմելու եմ շանտաժի փաստով: Միայն գողական աշխարհում գոյություն ունի նման բան, երբ դիմում ես գողերին, որ քեզ պարտքը օգնեն վերադարձնել, ինքն էլ այդ գումարից մի մասը պահանջում է»,- ասաց նա՝ նշելով, որ այն աշխատակիցները, որոնք դատարանի վճիռն ունեն, որ պետք է աշխատավարձերը ստանան տույժ ու տուգանքով, անգամ նրանց են ստիպել ստորագրել այդ պայմանագրերը:
Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ դեռ պետք է խորհրդակցեն իրավաբանների հետ, որպեսզի հասկանան, թե ում դեմ են ներկայացնելու հայցը: Առավել ևս, պետք է հասկանալ, թե ինչու է պետական բյուջեից վճարվել իրենց պարտքը, մինչդեռ նաիրիտցիները վրդովվում են, քանի որ խոսքը մասնավոր ձեռնարկության մասին է.
«Ինչու փոշիացված գումարները չեն գտնվել ու պետությունն է ստիպված եղել վճարել»: