26/08/2015 15:58
Ա․ Ամարյան. Աղանդագետների բացակայության պատճառով Հայաստանում աղանդավորներն ազատ են գործում
«Հարկավոր է փոխել և խստացնել «Խղճի ու կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքը, որը ներկայումս միայն կարգավորում է կրոնական կառույցների գրանցման գործընթացը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։
Ա. Ամարյանը նշեց, որ պետք է վերահսկողություն լինի կրոնական կազմակերպությունների հարցում, բայց, ցավոք, մենք չունենք աղանդագետներ: Ըստ նրա՝ աղանդագետների բացակայության պատճառով Հայաստանում աղանդավորներն ազատ են գործում, պետությունը հիմնականում չի միջամատում, իսկ նրանք դիմում են ՄԻԵԴ ու հաղթում գործերը:
Ա. Ամարյանը խոսեց նաև Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին՝ նշելով, որ նոր նախագծում պահպանվել են կրոնի մասին դրույթները, ավելացել է ևս մեկը, որը պարտավորեցնում է պետությանը վերահսկողություն իրականացնել կրոնական կառույցների նկատմամբ։
«Ավելացվել է մեկ կետ, մտքի, խղճի ու կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետության անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով։ Այս կետով պետք է կարգավորվեն հոգևորսության հետ կապված խնդիրները»,- ասաց նա: