26/08/2015 14:44
Բոլոր խորհուրդները չէ, որ լսելի կամ ընդունելի են. ՀՀԿ պատգամավոր
Ոչ մի առաջարակ սկզբունքորեն ո՛չ մերժվել է, ո՛չ՝ ընդունվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք բոլոր քաղաքական առաջարկներն ընդունվելու են, թե՞ ոչ: «Ոչինչն աննահանջ կերպով դրված չէ սեղանին, որ ասենք, թե սա բեկանելի կամ անբեկանելի առաջարկ է: Բոլոր առաջարկները քննարկման ենթակա են, իսկ առջևում սպասվում է նաև քննարկումների երկրորդ փուլը»,- ասաց նա:
Անդրադառնալով Վենետիկի Հանձնաժողովի պահանջներին, որոնցից մեկը վերաբերում էր 89-րդ հոդվածի 4 կետին, այսինքն՝ կայուն մեծամասնությանը, պատգամավորը նախ նշեց, որ կարող է իր անձնական տեսակտը հայտնել, ապա հավելեց, որ իր կարծիքով կայուն զարգացումներն ու հարաբերություններն այսօր Հայաստանի համար անհրաժեշտություն են: «Մեր սահմանը, մեր սահմանն է, և մենք բոլորս գիտենք, որ մեր սահմանի համար պատասխանատու ենք բոլորս: Իսկ կայունությունը անհրաժեշտ հանգամանք է բոլորիս համար, այդ թվում նաև կայուն կառավարումը, կայուն որոշումների կայացման և վստահելի համակարգը: Հետևաբար կա՛մ պետք է մեր համակարգն այնքան ծայրահեղ զարգացած լինի, որպեսզի կարողանանք ճկուն և երկարատև կոալիցիաներ ձևավորել և դրանով առաջնորդվել, կա՛մ մեզանում կայուն մեծամասնության ձևավորման երաշխիքներ պետք է լինեն: Կյանքը ցույց կտա, թե մեր ընդդիմադիր ուժերը որքանով են պատրաստ առողջ քաղաքական բանավեճի մեջ մտնել և իրենցից իրական ուժ ներկայացնող քաղաքական ընդդիմադիր ուժ դառնալ»,- ասաց նա:
Արտակ Զաքարյանը շեշտեց նաև, որ ինքը ևս մի առաջարկ է ներկայացրել, որն էլ սակայն հակասական է եղել նույն Վենետիկի Հանձնաժողովի համար:
Հիշեցնենք՝ քննարկումների ժամանակ, ինչպես նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Վենետիկի Հանձնաժողովի ներկայացուցիչները խորհուրդ էին տվել ընդհանրապես հանել 89-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը և հարցը կարգավորել Ընտրական օրենսգրքով:
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության նախնական նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական գնահատականում նշված է. «Ազգային ժողովի կազմի և ընտրության կարգի» (հոդված 89) վերաբերյալ Հանձնաժողովի փորձագետները նշում են, որ ընդօրինակված է իտալական փորձը, ըստ որի՝ համամասնական ընտրակարգով կայուն մեծամասնություն չլինելու դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ հաղթող կուսակցությունը կամ դաշինքը ձևավորում է մեծամասնություն: Ըստ այդմ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հաշվի առնել, որ փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցում է կատարելու կառավարման նոր՝ խորհրդարանական ձևի, և ձեռնպահ մնալ ընտրությունների երկրորդ փուլի հարցը սահմանադրությամբ կարգավորելուց: Նրանք, սկզբունքորեն դեմ չլինելով այդ ինստիտուտին, առաջարկում են այդ դրույթը հանել սահմանադրության տեքստից և կանոնակարգել Ընտրական օրենսգրքով»:
Ինչ վերաբերում է նույնասեռ ամուսնություններին, ապա Ա. Զաքարյանն ընդգծեց, որ բոլոր խորհուրդները չէ, որ լսելի են կամ ընդունելի: «Որպես մասնագիտական տեսակետ, բնականաբար ցանկալի է նաև իմանալ, որոշ դեպքերում նաև հաշվի առնել այդ խորհուրդները, սակայն կան առաջարկներ, որոնք արմատապես հակասում են հայ հասարակության արժեհամակարգին: Կան նաև առաջարկներ, որոնք ընկալվում են ժողովրդավարության զարգացման ներքո, որոնք, բնականաբար, չեն կարող հաշվի չառնվել: Չի խանգարի որպեսզի դրանք ևս ներառվեն սահմանադրական նոր նախագծում»,- հավելեց Հանրապետական պատգամավորը:
Իսկ թե ինչու հիմա որոշեցին փոխել Սահմանադրությունը և ոչ՝ 2012-ին կամ 2018-ին, պարոն Զաքարյանը արձագանքեց. «Բնականաբար՝ դա հանրային և քաղաքական պահանջարկների դաշտից է, որովհետև և՛ 2012-ին, և՛ 2013-ին. և՛ 2014-ին շարունակաբար քննարկումներ են տեղի ունեցել համակարգային փոփոխությունների մասին։ Շարունակաբար խոսք է եղել ավելի լավ կառավարման, վերահսկողության, ընդդիմությանը լծակներ տալու մասին, և այս պահանջները առաջ են բերում երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը»։