26/08/2015 16:10
«Սահմանադրությունն այն եզակի փաստաթղթերից է, որը պետք է ձևավորվի համաժողովրդական քննարկումների արդյունքում»
Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար մեզ համար կարևորը ՀՀ քաղաքացու և Հայաստանում գործող հասարակական ու քաղաքական կառույցների կարծիքն է: Ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, սակայն հաշվի է առնում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, արդյոք այս հարցը քննարկվել է ՌԴ կամ ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ:
«Սահմանադրությունն այն եզակի փաստաթղթերից է, որը պետք է ձևավորվի համաժողովրդական քննարկումների արդյունքում: Մշակման փուլում, սակայն, պետք է լինեն նաև մասնագիտական խորհրդատվություններ, որը իրականցնում են համապաստախան կառույցները: Ե՛վ սահմանադրությունը, և՛ առանցքային նշանակություն ունեցող օրենքները տարբեր երկրների նախաձեռնությամբ ստանում են Վենետիկի հանձնաժողովի համապատասխան գնահատականն ու կարծիքը: Չեմ կարծում, որ մեր ԵՏՄ գործընկերները կնեղանան այդ քայլից: Նրանք էլ կարող են ունենալ իրենց պաշտոնական դիրքորոշումը, և կարծում եմ՝ ժամանակի ընթացքում նաև կարտահայտվեն, բայց մասնագիտական առումով շատ ավելի նպատակահարմար է ունենալ երկար տարիներ այդ առաքելությունն իրականացնող կազմակերպությունների գնահատականը»,- ասաց նա:
Անդադառնալով նոր նախագծի վերաբերյալ հնչեցրած քննադատական գնահատականներին՝ Ա. Զաքարյանը շեշտեց, որ չի բացառվում, որ այդ քննադատողները ծանոթ չեն տեքստին, բայց քննադատում են նախագիծը, սակայն իշխանությունների համար և՛ այո-ն, և՛ ոչ-ը՝ ինքնանպատակ լինել չեն կարող:
«Սա այն գործընթացն է, որն իրականացնելուց առաջ պետք է առավելագույնը համաձայնեցված լինի, որի վերջնական արդյունքում միայն պետք է համաժողվրդական հավանությանն արժանանա: Բոլոր հիմնավորումները պետք է լինեն և՛ ոչ-ի, և՛ այո-ի տանիքի ներքո: Իսկ այսօր ոչ-ի նպատակներն ու թիրախները գնալով ավելի շատ են դառնում անէական: Այդ բարեփոխումներն, այդ թվում՝ սահմանադրական, անհրաժեշտություն են թե՛ հասարակական, թե՛ պետական, թե՛ քաղաքական հարաբերությունների համար: Կարծում եմ, որ սահմանադրական հանձնաժողովը լավ աշխատանք է իրականցրել, որի արդյունքում ստեղծվել է ընդգրկուն և Հայաստանի հայկականության բոլոր նրբությունները հաշվի առնված և մյուս երկրների հետ տարբեր համադրություններ իրականացրած մի փաստաթուղթ: Այո, հասարակության մեջ կան տարբեր դիրքորոշումներ, ինչը բնական է, բայց դեռ քննարկումները կշարունակվեն: Բոլոր կարծիքները հաշվի կառնվեն, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի, վերջնական տեսքի կբերվեն, որից հետո հանրության դատին կներկայացնեն»,- ասաց նա: