26/08/2015 13:57
«Իշխանության, ինչպես նաև սահմանադրական հանձնաժողովի համար շատ կարևոր է հենց հանրության կարծիքը»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների բուն գործընթացը կարևոր ու էական դերակատարություն է ունենալու ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական հետագա բոլոր զարգացումների վրա: Այսօր հրավիրրված մամլո ասուլիսում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպամանն և ամփոփելով քննարկումները՝ նա նկատեց, որ դա հանրային քննարկումների շարքի հերթական միջոցառումն էր, որի ընթացքում հնչեցին մասնագիտական կարծիքներ: «Փորձ էր արվում երկխոսության միջոցով պարզաբանել մասնագիտական դիրքորոշումները: Եվ շատ կարևոր էր, որ մասնագիտական հանձնաժողովը մի քանի անգամ շեշտեց, որ իրենց նպատակը մասնագիտական խորհրդատվության ապահովումն ու ՀՀ սահմանադրության բարեփոխումներին աջակցելն է, ինչպես նաև՝ ներկայացված նախագծի համապատասխանեցումը ժողովրդավարության սկզբունքներինու չափանիշներին»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ բնականաբար հնչեցին նաև քաղաքական հայտարարություններ, որի ընթացքում եղան նաև անհամաձայնություններ, բայց շատ կարևոր է, որ հանդիպմանը ներկա էին նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: «Հուսով ենք, որ այս քննարկումներն առաջիկայում ընդլայնված ձևաչափով կլինեն: Նախատեսվում է նաև խորհրդարանական լսումներ անցկացնել, որտեղ ևս քաղաքացիական հասարակության հետ կլինեն ակտիվ քննարկումներ»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ քննարկումների ընթացքում իշխանության, ինչպես նաև՝ սահմանադրական հանձնաժողովի համար շատ կարևոր է հենց հանրության կարծիքը, և հատկապես քաղաքակական մյուս ուժերի, հասարակության լայն շերտերի առաջարկություններն ու քննադատությունները, որպեսզի նոր նախագծի վերջնարդյունքում հանրաքվեի դրվի առավելագույնը համաձայնեցված ու մշակված մի փաստաթուղթ:
Ա. Զաքարյանի խոսքով՝ ժողովրդավարությունը անընդհատ պահանջում է խնամք, որը չունի իր վերջնակետը, և որևէ պետություն չի կարող ասել, որ իրեն հաջողվել է կառուցել ժողովրդավարության ամենաբարձր մակարդակը, սակայն իրավական համակարգը, սահմանադրականությունը և հանրային երկխոսությունը, իրավունքների ու ազատությունների պարտավորությունների հավասարակշռված կիրառումը պետական և հանրային կյանքում շատ կարևոր է:
«Եթե մենք դիտարկենք 1995 և 2005 թվականին ներկայացված Սահմանադրությունները, ապա կտեսնենք, որ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների գործընթացն ավելի մեծ ուշադրության է արժանանում, որին ավելի մեծ կարևորություն է տրվում: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ քաղաքական համակարգը, ինչպես նաև հանրային ու պետական ինստիտուտները անցել են կայացման լուրջ ճանապարհ: Այսօր արդեն կարևորվում է նաև պետության մայր օրենքում բոլոր այն ձևակերպումները, որոնք հետագայում ելակետային են լինելու հանրային ու պետական կյանքն արդյունավետ, էֆեկտիվ ու առավելագույն համաձայնեցված կազմակերպելու համար: Այն թույլ կտա նաև բարեփոխումների այդ գործընթացն առաջիկայում էլ ավելի նպատակային դարձնենք և ծառայեցնենք հանրության շահերին: Իսկ այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսին կլինի նոր Սահմանադրությունը և որքանով այն կարող է ընկալելի ու վստահելի լինել ինչպես քաղաքական, այնպես էլ բոլոր քաղաքացիների համար»,- ասաց նա: