26/08/2015 12:19
ԿԳՆ մասնագետ. Ինչ-որ խնդիր ունենք 125 դպրոցում, բայց ծնողի և տնօրենի միջև որոշակի թյուրըմբռնում է տեղի ունեցել
ՀՀ-ում շուրջ 170 դպրոց իրականացնում է ներառական կրթություն , բայց դա ամենևին չի նշանակում, թե մնացած դպրոցներում, կամայական ցանկացած հանրակրթական դպրոցում, զարգացման խնդիր ունեցող երեխա չկա կամ չի կարող լինել: Բոլոր դպրոցներում էլ զարգացման խնդիրներով երեխաներ կան: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԿԳՆ Հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:
Նրա խոսքով, ամբողջ աշխարհում ներառումը այլևս ապրելակերպ է և ոչ թե միայն կրթության մեջ ուղղություն: Եվ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրության մասին» օրենքը, որ ընդունվեց 2005թ-ին ու կարճ ժամանակ աշխատեց, այդուհանդերձ տվեց լավ արդյունքներ ու առաջին քայլն էր դեպի այդ գաղափարախոսությունը: Այսօր օրենքի դրույթները, ավելի բաց ու համապարփակ, ներառված են «Հանրակրթության մասին» օրենքում.
«Ներառական կրթության մասին առանձին օրենք պետք չէ, քանի որ ամբողջ գաղափարախոսությունը ներառված է «Հանրակրթության մասին» օրենքում: Եվ մինչև 2025 Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական»,- ասաց նա:
Իր հերթին «Հույսի կամուրջ» հկ ղեկավար Սուսաննա Թադևոսյանը նշեց, որ համընդհանուր ներառականության մասին հայտարարելու ճանապարհին շատ ու շատ խոչընդոտներ կան հաղթահարելու, իսկ այսօր ներառական կրթության համակարգում դեռ շատ խնդիրներ կան.
«Մեծագույն խնդիրը մնում է վերաբերմունքը և այստեղ դեռ շատ անելիք կա՝ պետք է փոխվի վերաբերմունքը և կոտրվեն կարծրատիպերը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Այս ճանապարհով անցել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը: Մեծագույն խնդիր է նաև ուսուցիչների պատրաստվածությունը, նրանց մոտեցումն ու վերաբերմունքը»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով վերջին աղմկահարույց դեպքին, երբ թիվ 125 դպրոցի տնօրենը հրաժարվել էր ընդունել երեխային, Ս.Թադևոսյանն ասաց, որ սա եզակի դեպք չի: Բայց այս դեպքը ի հայտ բերեց այն խնդիրը, որ Մանկավարժական համալսարանում կարողությունը, անհատի հնարավորությունը տեսնելու փոխարեն զարգացնում են արատը տեսնելու ունակությունը.
«Այս դեպքը մարտահրավեր էր բոլոր դպրոցներին. երբ ընդունում են հատուկ մասնագետների, ապա նրանք պետք է լինեն իսկապես այդ երեխաների պաշտպանները»,- հավելեց նա:
Ի դեպ, Ս.Թադևոսյանն ասաց, որ հարցումների արդյունքում ի հայտ է եկել այն հանգամանքը, որ 125 դպրոցի մասնագետների թիմը, մեղմ ասած, իր տեղում չէ և վերապատրաստման լուրջ կարիք է զգում:
Հիշեցնենք, դեպքի մասին ահազանգել էր երեխայի ծնողը՝ նշելով, որ դպրոցի տնօրենը հրաժարվել է ընդունել 7-ամյա Արեգին, թեպետ դպրոցը ներառական կրթություն է իրականացնում:
Պարզվեց, որ Կրթության և գիտության նախարարությունը այս հարցով մանրակրկիտ չի զբաղվել, քանի որ, ըստ ասուլիսին ներկա Ա.Մուրադյանի, իրենք դիմում չեն ստացել, դեպքին էլ ծանոթացել են մամուլից: Գուցե այն պատճառով, ենթադրեց, որ դպրոցը գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, իսկ ԿԳՆ-ն քաղաքականություն մշակող մարմին է.
«Մեզ համար ինչն էր կարևոր այս պատմության մեջ, որ երեխան լինի դպրոցում: Եվ երբ մենք կապվեցինք ծնողի հետ, նա միարժեք ասաց, որ չի ուզում, որ իր երեխան այդ դպրոցը հաճախի : Եվ մենք էլ՝ դարձյալ մամուլի հրապարակումներից, հասկացանք, որ ինչ-որ խնդիր ունենք , թեև ես կարծում եմ, որ որոշակի թյուրըմբռնում է տեղի ունեցել ծնողի և տնօրենի միջև»,- նշեց նա: Ինչպես նաև ավելացրեց, որ ուզում է ավելի մեղմ արտահայտվել, քան տիկին Թադևոսյանը, բայց խնդիրը հասունացել է մանկավարժական թիմի մտավախությունների հիման վրա, որ դարձել են արձագանք ՝ երեխայի նկատմամբ մերժողական վերաբերմունք ձևավորելու համար: