26/08/2015 16:23
Ն.Փաշինյան. Դատարանը ուղղակիորեն ոտնահարում է Հայկ Կյուրեղյանի անօտարելի իրավունքները
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Հայկ Կյուրեղյանի հետ, ում համար մեղադրող դատախազը 14 տարվա ազատազրկում է պահանջել: Այս մասին պատգամավորը գրառել է Facebook-յան իր էջում.
«Կյուրեղյանի դատավարությունը դեկտեմբերից ընթանում է նրա բացակայությամբ. նա դատական սանկցիայի կիրառմամբ 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից ու այդ տասը ժամը չգիտես ինչու 8 ամսում չի լրացել:
Մեր զրույցի ժամանակ Կյուրեղյանն ասաց, որ ցանկանում է դատարանում պաշտպանական ճառով հանդես գալ:
Մեծ է հավանականությունը, սակայն, որ առաջիկա դատական նիստերին էլ նրան դատարան չեն տանի, այսինքն կզրկեն պաշտպանական ճառով և վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից:
Որպես ՀՀ քաղաքացի և ԱԺ պատգամավոր դատապարտում եմ Կյուրեղյանի նկատմամբ կիրառվող հաշվեհարդարային մոտեցումը և արձանագրում. դատարանը ուղղակիորեն ոտնահարում է Հայկ Կյուրեղյանի անօտարելի իրավունքները»,- գրառել է նա: