26/08/2015 13:05
Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին ընդհանրապես թուրքական քաղաքական հռետորաբանության մեջ տեղ չունեն. Թուրքագետ
«Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին ընդհանրապես թուրքական քաղաքական հռետորաբանության մեջ տեղ չունեն»: Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ զագացումներ կարելի է ակնկալել թուրք-քրդական բախումերից Հայաստանի համար, այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ու թեև, Մելքոնյանի համոզմամբ, Թուրքիայում տեղի ունեցող ակտիվ գործողությունների համատեքստում հայկական թեմատիկան այդքան էլ չի անտեսվում, բայց առայժմ որևէ նոր և լուրջ զարգացումներ չեն սպասվում:
«Իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վաղուց մղվել է շատ հետին պլան, սակայն հակահայկական և հակահայաստանյան քարոզչություն այսօր էլ շարունակվում է ակտիվ զարգանալ: Այս բուռն իրադարձությունների շրջանում թուրքական քարոզչամեքենան չի զլանում և կրկին իր հին ու մաշված թեզն է շրջանառության մեջ դնում: Նրանք սկսել են լուրերրջանառության մեջ դնել, թե իբր հայերն աջակցում են քրդերին: Շատ հաճախ թուրքական մամուլն ու պաշտոնյաները այս մասին լուրեր են շրջանառության մեջ դնում, որոնք սակայն իրականությանը չեն համապատասխանում: Մի քանի անգամ թուրքական Միլլիյեթ թերթը ևս տպագրել էր վերլուծություններ, թե քրդական կազմակերպությունները ստանում է աջակցություն տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, բայց նրանք այդպես էլ չկարողացան գտնել փաստեր»,- նկատեց թուրքագետը:
Նա նշեց նաև, որ թուրքական շրջանակներում դա ներկայացվում է, թե թուրքերի պայքարն ուղղված է հայկական այդ «ձեռնարկի» դեմ, և թուրք պաշտոնյաները հայտարարում են, թե իրենք հավատարիմ են իրենց հավատակից քուրդ մուսլումաններին, բայց դա ևս քարոզչության մի հնարք է, որով թուրքերը պատրաստվում են հարվածել Ժողովուրդների ժողովրադավարության կուսակցությանը:
«Թուրքերը հայտարարում են, թե հայերը սադրում են քրդերին: Սա իհարկե հին թուրքական թեզ է, որը իրականության հետ որևէ առնչություն չունի: Նախորդ շաբաթ էլ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիայից փախած դատախազները գտնվում են Հայաստանում, սակայն այդպիսի բան չկա: Այսինքն՝ այս հակաքրդական քվեներ փախցնելու քարոզարշավի մեջ հայկական թեմատիկան իր կարևոր տեղն ունի, բայց դա հետապնդում է այլ նպատակ»,- եզրափակեց նա: