27/08/2015 14:00
Էրդողանը քիչ կշիռ չունի Թուրքիայում․ Թուրքագետ
«Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական լարված իրավիճակը միանշանակ տեղավորվում է գերտերությունների միջև առկա պայքարի համատեքստում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Մուժեղ Խուդավերդյանը:
Թուրքագետի խոսքով՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը այդպես էլ չկարողացավ կոալիցիա կազմել ընդդիմադիր ուժերի հետ: Սա, ըստ Խուդավերդյանի, բուռն դժգոհություն առաջացրեց կուսակցության ղեկավարության շրջանում, և Էրդողանը այդ պատճառով նոյեմբերի 1-ին հայտարարեց արտահերթ ընտրությունների օր:
Բանախոսի կարծիքով, Թուրքիայի և Արևմուտքի միջև լարվածությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ Թուրքիայի ղեկավարությունը որոշել էր վարել անկախ քաղաքականություն և շատ հաճախ հաշվի չնստել գլխավորապես ԱՄՆ-ի շահերի հետ: Խուդավերդյանը առանձնացրեց նաև Գյուլեն-Էրդողան հակամարտությունը, որը, ըստ նրա, պատճառ հանդիսացավ Թուրքիայի իշխող կուսակցության մեջ պառակտումների համար:
Թուրքագետի կարծիքով, նոյեմբերի 1-ը հայտարարելով որպես արտահերթ ընտրությունների օր, Էրդողանը փորձում է ժողովրդի ձայները ստանալով ամրապնդել իշխանությունը և մեղմել Թուրքիայում առկա արտաքին և ներքին քաղաքական լարված իրավիճակը:Բանախոսի խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ Էրդողանը Թուրքիայում քիչ կշիռ չունի, և ըստ հարցումների՝ միշտ առաջատար դիրքերում է գտնվում: