27/08/2015 19:55
«Փողը լռություն է սիրում, նավթը` կայունություն» կարգախոսը վերաիմաստավորվում է Ադրբեջանում
Ադրբեջանական Azeri Light (LT CIF) տեսակի նավթի գինը, ըստ Լոնդոնի սակարանի, անկում է գրանցել $2-ով կամ 3,86%` մեկ բարելի դիմաց կազմելով $46,23:
Փորձագետները ավելի վաղ ահազանգում էին, որ մեկ բարելի նավթի գինը $60-ից ավելի քիչ կկազմի, իսկ այդ դեպքում Ադրբեջանի Կենտրոնական Բանկի արժութային պահուստները կնվազեն: Կենտրոնական Բանկի արժութային պահուստները նվազել են $6,692 մլրդ-ով, իսկ ինչպես հայտնի է, Ադրբեջանի պետական բյուջեի մոտովորապես 50%-ն ապահովում է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տրանսֆերտները:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը կորցնում է իր ռեսուրսները. հուլիսի 1-ի տվյալներով հիմնադրամի ակտիվները նվազել են 2015թ-ի սկբից ի վեր 3,56%-ով: Ըստ փորձագետների, փետրվարին մանաթի արժեզրկումը բացասական ազդեցություն ունեցավ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի վրա: Սակայն հիմա, կարծես թե, ամեն ինչ ընթանում է այն ուղղությամբ, որ Ադրբեջանում հերթական արժեզրկում է սպասվում:
Ադրբեջանի փորձագետների կարծիքով Ղազախստանի, Ռուսաստանի և Չինաստանի ազգային արժույթների դևալվացիան իր ազդեցությունը կունենա նաև ադրբեջանական մանաթի վրա, սակայն այն աննշան կլինի, ուստի բնակչության խուճապի չմատնվելու կոչ են անում:
Բնականաբար, ադրբեջանցի փոձագետները փորձելու են հարթել իրավիճակը: Սակայն պատկերն իրականում այլ է. Բաքվում փակվել են փոխանակման կետերի մեծ մասը՝ կապված դոլար չվաճառելու հետ։
Ավելին տեղեկություններ են շրջանառվում, որ համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանի տնտեսությունը ճգնաժամ է ապրում: Մանաթի 30 տոկոս արժեզրկման ֆոնին նախագահ Ալիևը հայտարարում է, որ մանաթն աշխարհի ամենակայուն արժույթն է: Ընդդիմության բերված փաստարկներից կարելի է եզրակացնել, որ երկար տարիներ նավթի արտահանման եկամուտների մեծ մասը չի մտել պետական գանձարան: Ծանր տնտեսական պայմաններում Բաքվում արդեն փակվել է երկու խոշոր առևտրի կենտրոն, մետաքսի վերամշակման գործարան, որի 1500 աշխատող դարձել է գործազուրկ:
Բաքվի կենտրոնական հատվածում զանգվածաբար փակվում են հագուստի խանութները։ Ադրբեջանը հայտնվել է դոլարային դեֆիցիտի շեմին: Խուճապի մատնված քաղաքացիները դատարկում են բանկոմատները: Ընդամենը երկու օրում Ադրբեջանի կենտրոնական բանկը 370 մլն դոլար է վաճառել մասնավոր բանկերին, ապա դադարեցրել վաճառքն ընդհանրապես:
Նման իրավիճակում, Ադրբեջանի իշխանությունները ջայլամի քաղաքականութուն վարելու փոխարեն, պետք է ժողովրդին որոշ չափով պատրաստեն այլ իրավիճակի: Եվս մեկ կարևոր հանգամանք, իշխանությունները պետք է հիշեն հետևյալ կարգախոսը` «Փողը լռություն է սիրում, նավթը` կայունություն»: