27/08/2015 13:21
Տարեց կնոջ բռնաբարության և սպանության գործը դատարանում է
Ալավերդու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Լոռու մարզի Գուգարք գյուղում տարեց կնոջ բռնաբարության և սպանության գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Արթուր Ղավալյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2014 թվականի օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Վանաձոր քաղաքի Նարեկացի 67 հասցեի առանձնատան բակից, առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է նույն տան բնակիչ Գագիկ Մանուկյանին պատկանող «ՈՒԱԶ-3741» մակնիշի ավտոմեքենային:
Նույն օրը, ժամը 03-ի սահմաններում, Արթուր Ղավալյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ժամանել է Արագածոտնի մարզում գտնվող առանձնատան բակ, ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափերով ապրանքներ:
2014 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլի ազդեցության տակ, իր անհագուրդ սեռական կարիքները բավարարելու համար, միայնակ մուտք է գործել Աշուղյաններին պատկանող Լոռու մարզի Գուգարք գյուղի առանձնատուն և փորձել սեռական հարաբերություն ունենալ Հայկանուշ Աշուղյանի հետ, նրա կամքին հակառակ բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, այնուհետև կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել Հայկանուշ Աշուղյանի դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջաններին և սպանել նրան: Այնուհետև տանից վերցրել է 2 խոհանոցային դանակներ և դիմել է փախուստի:
Հանդիպելով Րաֆֆի Աշուղյանի և Դավիթ Հակոբյանի կողմից նրա փախուստը կանխելու խոչընդոտին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է Րաֆֆի Աշուղյանին` նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ա. Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 12 Կետի, 34-104 Հոդվածի 1 մասի, 138 Հոդվածի 1 մասի, 139 Հոդվածի 1 Մասի, 177 Հոդվածի 3 Մասի 1.1 Կետի և 183 Հոդվածի հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: