27/08/2015 13:37
«Կենտրոն մաքրության» տնօրենը մեղադրվում է ավելի քան 250 մլն դրամ յուրացնելու մեջ
Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն ՓԲԸ-ի տնօրենին և մի շարք աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Արթուր Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 02.04.2007թ. ապրիլից մինչև 2013թ. սեպտեմբերի ամիսը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաև ինժեների պաշտոնները, տևական ժամանակ փաստացի ղեկավարել է տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպություն հանդիսացող ընկերությունը և որպես տնօրեն, ունենալով ընկերության կանոնադրությամբ սահմանված կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, շահադիտական նպատակաով նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրս գրման վերաբերյալ պաշտոնեական փաստաթղթեր, ու այդ եղանակով Երևան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետ Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 12390585 ՀՀ դրամ:
Բացի այդ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել ընկերության և հասարակության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ: Բացի այդ, 2009 թվականի հունվար ամսին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սանվել Եղոյանի և Գյուլիզար Շամոյանի հետ, միավորվել են խմբով հափշտակություն կատարելու համար, որից հետո 2009-2013 թվականներին Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել է որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ հաշվարկված ընդհանուրը առանձնապես խոշոր չափերի` 251197450 ՀՀ դրամ:
Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 Հոդվածի 3 Մասի 1, 2 կետերի, 314 Հոդվածի և 308 Հոդվածի 2 Մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ս. Հովհաննիսյանին, Ա. Խաչատրյանին և Գ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314 Հոդվածի, 178 Հոդվածի 3 Մասի 1,2 Կետերի հատկանիշներով:
Հ. Հակոբյանին և Ռ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178 Հոդվածի 3-րդ Մասի 1, 2 Կետերի հատկանիշներով, Գյուլիզար Շամոյանին՝ 178 Հոդվածի 3 Մաս 1, 2 Կետերի, 325 Հոդվածի 2 Մասի, Սամվել Եղոյանին՝ 178 Հոդվածի 3 Մասի 1, 2 Կետերի, 325 Հոդվածի 2 Մասի, Գարեգին Գասպարյանին՝ 38-178 Հոդվածի 3 Մասի 1 Կետի, Հունան Տեր-Հովհաննիսյանին՝ 38-178 հոդվածի 3 Մասի 1 Կետի, Միսակ Հարությունյանին՝ 38-178 հոդվածի 3 Մասի 1 Կետի, Տիգրան Հովհաննիսյանին՝ 38-178 հոդվածի 3 Մասի 1 Կետի, Սամվել Պապոյանին՝ 38-178 հոդվածի 3 Մասի 1 Կետի հատկանիշներով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվելու է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: