27/08/2015 21:26
«Նախագահի հետ հանդիպած քաղուժերի մեծ մասը դրական է գնահատել խորհրդարանական մոդելին անցնելու գաղափարը»
Հայաստանյան քաղաքական դաշտի և քաղաքական աշնան թիվ մեկ օրակարգային հարցը Սահմանադրական բարեփոխումներն են ու դրանց ամբողջական քննարկումը: Եվ շատ կարևոր է, որ այս հարցում իր կարծիքը հայտնեց նաև Վենետիկի հանձնաժողովը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրեց, որ ԳՄ նիստում երկրի ղեկավար, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ներկայացրել է քաղաքական ուժերի հետ Սահմանադրական բարեփոխումների շուրջ ընթացող քաղաքական խորհրդակցությունների ընթացքն ու արդյունքները: Հիմնականում, ասաց Է. Շարմազանովը, կա փոխըմբռնում ներկայացված փաթեթի վերաբերյալ, նոր նախագծի շուրջ քննարկումների երկրորդ փուլ ենք թևակոխում.
«Տարբեր կարծիքներ, մոտեցումներ կարող են լինել և դա նորմալ է: Հենց այդպես էլ պիտի լինի, քանի որ տարբեր քաղաքական ուժերի հետ են քննարկումները»,- նշեց պաշտոնյան:
Է. Շարմազանովն ասաց, որ միջանկյալ այս փուլում նոր փաթեթը համապատասխանում է ժողովրդավարության չափանիշներին ու բխում է զարգացման մեր տեսլականից:
Ամփոփելով նախագահի հետ արդեն իսկ կայացած քննարկումները նա նշեց, որ կարող ենք փաստել, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը ընդհանուր առմամբ դրական է գնահատել խորհրդարանական մոդելին ու համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարը.
«Այսօր հասունացել է պահը և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք հրաժարվել են հանդիպել նախագահին ու մանսավորապես ՀԱԿ-ին, Է. Շարմազանովն արձագանքեց.
«Ինչ ասեմ. ՀԱԿ-ն ինքն իրեն արդեն երկար տարիներ է՝ գցել է լուսանցք, քանի որ յուրաքանչյուր ուժ պետք է, օրինակ, մասնակցի ընտրությունների, բայց դա չենք տեսնում: Մնացածն ինչ մեկնաբանեմ` ինքներդ մեկնաբանեք»,- շեշտեց նա:
Նա նաև ընդգծեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է նոր Սահմանադրության դրույթները քննարկել բոլոր ուժերի հետ և դրա վառ ապացույցն է, որ հրավիրել էին նաև ՀԱԿ-ին:
«Ես սխալ եմ համարում դեբատներին ընդհանրապես չմասնակցելը: Անհասկանալի է, որ քաղաքական ուժը ի սկզբանե չի մասնակցում որևէ դեբատի և մերժում է քննարկումը, ինքը արդեն ոչ թե քաղաքական ուժ է, այլ վերածվում է կապրիզ անող երեխայի»,- հավելեց նա: