27/08/2015 12:08
«ԷՅՐ Արմենիայի» սեփականատիրոջ կին. Ինչ է՝ դա առա՞ջին դեպքն է
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «ԷՅՐ Արմենիա» ընկերության համասեփականատեր Արսեն Ավետիսյանի հաշտությունը ուժի մեջ է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Ավետիսյանի կինը` Իզաբելլա Մելքումյանը:
Նրա խոսքով՝ իր ամուսնուն ստիպել են ստորագրել թուղթ, որ նա պարտք է Ռ. Հայրապետյանին, բայց ինքը այլևս չի ցանկանում անդրադառնալ այդ պատմությանը: Հարցին՝ արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, որ նա իրոք պարտք է եղել Ռ. Հայրապետյանին, այդ պատճառով էլ ընդունել է հաշտության առաջարկը, Ի. Մելքումյանը պատասխանեց, որ դրանք մտացածին լուրեր են:
«Իմ ամուսինը չի ճանաչել Ռ. Հայրապետյանին մինչև այդ օրը, երբ նրանք հանդիպել են և փորձել են ստիպել, որ նա փաստաթուղթ ստորագրի»,-ասաց նա:
Հարցին՝ այդ դեպքում արդյոք իրեն չի մտահոգո՞ւմ, որ Ռ. Հայրապետյանը անպատիժ կմնա, նա պատասխանեց. «Ինչ է՝ դա առաջի՞ն դեպքն է»:
Նա ասաց, որ ամեն օր իրենց մոտ եկել են Ռ. Հայրապետյանի կողմից հաշտության առաջարկով մարդիկ և իր ամուսինը հայտարարության մեջ առկա պատճառներից ելնելով՝ ընդունել է այն:
Ի. Մելքումյանը նաև ասաց, որ անձամբ Ռ. Հայրապետյանը իրենց հետ որևէ անգամ կապ չի հաստատել: