27/08/2015 15:58
«ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հիմնավոր հույսեր ունեն, որ կլրացնեն ՀՀԿ-ին՝ դառնալով կայուն մեծամասնություն
Վենետիկի հանձնաժողովի անդամները մնացին իրենց ձևաչափի մեջ և համաչափ վերաբերմունք ցուցաբերեցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովի անդամների պնդումները, որ իրենք չեն խառնվելու ՀՀ ընտրության կարգերին, լիովին սպասելի էր իր համար:
«Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները բոլոր խորը քաղաքական բնույթ կրող հարցերին պատասխանում էին, որ դա իրենց խնդիրը չէ, իրենց խնդիրը համեմատելն է եվրոպական կոնվենցիայի հետ: Մի պահ տպավորություն էր, որ Վենետիկի հանձնաժողովը նախկին պոլիտբյուրոն էր և նրա անդամներին հարցեր էին տրվում, ինչպես կտրվեին պոլիտբյուրոյի ներկայացուցիչներին»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քննարկման շրջանակում ՀՀ Նախագահի հետ քաղաքական երկու ուժերի՝ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի երեկվա հանդիպման մասին, Լ. Ալավերդյանն ասաց, որ այդ երկու կուսակցությունները հիմնավոր հույսեր ունեն, որ կլրացնեն ՀՀԿ-ին՝ դառնալով կայուն մեծամասնություն: