27/08/2015 13:09
Խորենացի 55 շենքի բնակիչները ամեն օր աղոթում են. Քաղաքապետարանն անտարբեր է խնդրին
Խորենացի 55 շենքի երկրորդ մուտքի բնակիչները օրվա ցանկացած ժամի ստիպված են մտածել վերելակի մասին. և այն ժամանակ, երբ նօգտվում են դրանից, և այն ժամանակ, երբ իրենց տներում են, բայց ստիպված են տանել վերելակի աշխատանքային գործունեության ահասարսուռ ու անտանելի ձայները: Վերելակը տասնամյակներ չի վերանորոգվել, Aysor.am-ին ահազանգած շենքի բնակիչը անգամ չէր էլ հիշում՝ երբևէ վերանորևոգվե՞լ է այն, թե ոչ, բայց այսօր, շեշտեց, վերանորոգման կարիք շա՜տ է զգում.
«Վերելակից օգտվել չի լինում՝ թափ է տալիս, կարծես ինչ-որ ճիգեր է գործադրում ու քեզ պահի տակ սկսում է թվալ, որ հենց հիմա կպոկվի ու կընկնես անդունդը: Բացի դա էլ այնպիսի ձայներ է հանում, որ վերելակում գտնվելիս խլանում ես, էլ չեմ ասում երեխաս ինչպես է այդ ձայներից վախենում, իսկ երբ տանն ես՝ աղմուկը ուղղակի նյարդերիդ վրա է ազդում՝ ամբողջ օրը աշխատում է. ոչ քուն ունենք, ոչ դադար»,- պատմեց նա:
Մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված 11 հարկանի այս շենքի բնակիչները էլ չգիտեն ում դիմեն խնդրի լուծման համար: Ասում է՝ ամեն անգամ, երբ նորություններով լսում ենք, որ այս կամ այն շենքում վերելակ է պոկվել, վթարվել ու մարդիկ են մահացել, իրենց մուտքի վերելակը մի երկու օր գրեթե լուռ է մնում՝ վախենում են օգտվել: Բայց չօգտվել էլ չես կարող. Երեխաներին պետք է տանես զբոսնելու, սայլակով իջնել-բարձրանալը դժվար է, տարեց մարդիկ չեն կարող 11 հարկ իջնել բարձրանալ և այլն: Հասկանում են, որ ամեն անգամ վերելակից օգտվելիս ռիսկի են դիմում, բայց չեն էլ կարող չգնալ այդ ռիսկին: Նույնիսկ համաձայն են, որ անջատեն, այդ դեպքում նեղություն կկրեն, բայց վստահ կլինեն, որ հերթական չվերանորոգված վերելակի հերթական զոհը չեն դառան.
«Ամեն ամիս գրեթե դիմում ենք համատիրություն, որ խնդրին լուծում տան: Վերջին անգամ մի շաբաթ առաջ, էլի նույն պատասխանը՝ մի անհանգստացեք, բան էլ չի լինի: Ամեն անգամ ասում են կզբաղվենք, ու տարիներով չեն զբաղվում: Տեխնիկն ասաց, որ անիվ է մաշվել, բայց դա էլ փոխել չեն կարող, որովհետև պիտի Բելառուսից գա, Հայաստանում այդ անիվից չկա: Բայց դե պետք է պատվիրեն , չէ՞, որ գա, իսկ ես ոնց հասկանում եմ՝ ոչ պատվիրել են, ոչ էլ իրենց պետք է: Տեղից կշարժվեն, երբ Աստված ոչ անի մի դժբախտություն տեղի ունենա»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ այս տարի Երևանում մի քանի մահվան դեպք է արձանագրվել վերելակների մաշվածության պատճառով: Պատկան մարմինները, սակայն, միայն ցավակցություններ են հայտնում, ու սայլը տեղից չի շարժվում: Այդպես, մայիսին, հերթական նման դեպքից հետո ԱԺ-ում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ընունեց, որ «իսկապես մեր վերելակային տնտեսության ամբողջ պարկը տարիքային առումով ֆիզիկական մաշվածություն է ապրել, բայց վերելակային տնտեսությունում իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ են լրջագույն ներդրումներ, որոնց համայնքը չի տիրապետում: Բանակցություններ են վարվում ներդրումային կառույցների հետ, որպեսզի կարողանան այս համակարգը դարձնել շահագործման տեսանկյունից անվտանգ»:
Իսկ մինչ այդ Երևանի քաղաքապետարանը և պատկան մարմինները, որոնք պատասխանատու են այս ոլորտի ու առհասարակ քաղաքացիների անվտանգության համար, կարծում ենք, գոնե պետք է ուշադրություն դարձնեն քաղաքացիների ահազանգերին, որպեսզի հնարավոր լինի կանխել ողբերգությունը: Եվ ոչ թե համատիրությունում լռեն, անտարբերության մատնեն դրանք: