27/08/2015 20:08
Հայաստանի տնտեսությունը հարկադրված է հաղթահարել հերթական մարտահարվերները
Հայաստանի տնտեսության վրա արտաքին մարտահարվերներն այս տարի ոչ մի կերպ չեն թուլանում։ Չնայած կառավարությանը հաջողվում է այդ պայմաններում ապահովել բավական բարձր տնտեսական ակտիվություն, այնուհանդերձ անընդհատ ի հայտ եկող խոչընդոտները մշտապես լարվածություն են ստեղծում տնտեսության համար։ Դրանք կապված են հիմնականում արտահանվող որոշ ապրանքների շուկաներում տեղի ունեցող գնային փոփոխությունների և գործընկեր երկրների տնտեսական դժվարությունների հետ։
Տարեվերջին ընդառաջ դարձյալ ակտիվացնել են արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության մեջ փոխանցող ռիսկերը։ Արդեն երրորդ ամիս անընդմեջ նվազում է պղնձի գինը։ Վերջին օրերին այն հասցրել է իջնել տոննայի դիմաց անգամ 5 հազար դոլարից։ Սա առնվազն 1,2 հազարով ցածր է մայիսի վերջի համեմատ։
Երեք ամսվա ընթացքում պղինձն էժանացել է շուրջ 20 տոկոսով։ Շուկայում ձևավորված այսօրվա գները վերջին անգամ արձանագրվել են վեց տարի առաջ՝ 2009թ. փետրվարին։ Այսինքն՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբնական շրջանում։
Հիշեցնենք, որ դա դարձավ այն հիմնական պատճառներից մեկը, որ 2009թ. Հայաստանում ոչ միայն տնտեսական աճ չգրանցվեց, այլև տեղի ունեցավ համախառն ներքին արդյունքի աննախադեպ բարձր անկում։ ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ նվազեց ավելի քան 14 տոկոսով։
Թեև պղնձի գներն այսօր համադրելի են 2009թ. հետ, այնուհանդերձ Հայաստանի տնտեսությունը ոչ միայն կարողանում է հաղթահարել դրա բացասական հետևանքները, այլև աճ է ապահովում։
Կարճ ժամանակահատված կայունանալուց և արժևորվելուց հետո նոր տեմպ է ստացել նաև ռուսական ռուբլու արժեզրկումը։ Այն բանից հետո, երբ դոլարի գինը մի պահ վերադարձավ 50 ռուբլու տիրույթ, թվում էր, թե հայաստանյան արտահանողներին աստիճանաբար կհաջողվի վերականգնվել ռուսական շուկայում։ Սակայն նավթի համաշխարհային գների նազմանը զուգահեռ, հունիսից ռուբլին դարձյալ արժեզրկման կուրս վերցրեց։ Երեք ամսվա ընթացքում այն հասցրել է թուլանալ առնվազն 40 տոկոսով։
Անգամ այդպիսի դրսևորումներից հետո ռուսական արժույթը առայժմ ոչ մի կերպ չի կայունանում։ Դա նշանակում է, որ առաջիկայում դարձյալ խորանալու է այս շուկայից ստացվող տարադրամային հոսքերի կրճատումը։ Մի բան, ինչը ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական լուրջ գործոն է Հայաստանի համար։
Այս իրավիճակում կառավարությունը հարկադրված է լինելու ավելացնել ջանքեր՝ տնտեսական ակտիվության տարեսկզբի դրական միտումները պահպանելու համար։ Չնայած դա այնքան էլ հեշտ չի լինելու։ Առավել ևս, համաշխարհային տնտեսության մեջ ի հայտ եկած նոր խնդիրների պայմաններում։