27/08/2015 18:30
Է.Նալբանդյանն ընդունել է Հայաստանում UNICEF-ի պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (UNICEF) գրասենյակի նորանշանակ ղեկավար Տանյա Ռադոչային:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հիմնադրամի` ավելի քան երկու տասնամյակ շարունակվող գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ այս տարիների ընթացքում հիմնադրամի երևանյան գրասենյակը լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Իր հերթին տիկին Ռադոչայը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարության հետ մշակված ծրագրերը կշարունակեն հաջողությամբ կյանքի կոչվել, ինչը կնպաստի երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ նրանց առողջապահական պայմանների ու կրթության մակարդակի բարելավմանը։
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ԱԳՆ պատրաստակամությունը` սերտորեն համագործակցելու «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի գրասենյակի հետ վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի մշակման ու դրանց իրականացման գործում և խոստացել ամենայն աջակցություն ցուցաբերել Տանյա Ռադոչային իր գործունեության ընթացքում: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։